ARMINFOCENTER: Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ պարտքս եմ համարում հանդես գալ ազգային – պետական ռազմավարության տեսակետից կարեւոր երեք հարցադրումների նկատմամբ վերաբերմունքով եւ դիրքորոշումով:
Դրանք են՝
-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման գործընթացի մասին:
-Միջազգային պայմանագրերի վավերացման հարցի մասին:
-Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունների մասին:
- Սահմանադրության ընդունման ու հաստատման գործընթացի մասին:
Սահմանադրության ընդունումը պարտադիր քայլերի ամբողջականությունից բաղկացած գործընթաց է. Ազգային Ժողովի կողմից կազմվում է Սահմանադրության նախագծի մշակման հատուկ հանձնաժողով, հատուկ հանձնաժողովը Սահմանադրության նախագիծը ներկայացնում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ ընթերցման, որից հետո դրվում է համաժողովրդական քննարկման, այնուհետեւ համաժողովրդական հանրաքվեի եւ հանրաքվեի արդյունքների համաձայն ընդունվում է:
Սահմանադրության տակ ոչ ոք ստորագրություն չի դնում, այդ թվում հանրապետության նախագահը, ստորագրություն չի դնում որեւէ խումբ կամ կառույց:
Սակայն այս սկզբունքային հարցերում տեղի է ունեցել ապօրինի ու կամայական մոտեցում`
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանին ընթերցված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ նախկին նախագահ) Արմենակ Աբրահամյանի զեկույցում կարդում ենք. «Մեր Սահմանադրությունը վավերացվեց 2016 թ. մայիսի 9-ին...», 17.12.2016:
Զուգահեռ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանի օրակարգի 9-րդ կետի համաձայն «2-րդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատում», 4-րդ նստաշրջանը որոշեց «Հաստատել. 2-րդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը»: Որոշումն ընդունվել է միաձայն, 17.12.2016:
Այսինքն փաստ է, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը 2-րդ ընթեցմամբ հաստատել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, 17.12.2016:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը 3-րդ վերջնական ընթերցմամբ հաստատել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որը դրվելու է համաժողովրդական քննարկման, 11.06.2017:
Մինչդեռ նախկին նախագահը համառում է Սահմանադրության ինքնաստեղծ օրինակի իր կողմից վավերացման հարցում, որն անօրինական ու ապօրինի դիրքորոշման արդյունք է, երբ գիտենք, թե Սահմանադրությունը չի վավերացվում, չի ստորագրվում, չի հաստատվում, այլ ընդունվում է ընթացակարգի ավարտին՝ ժողովրդական հանրաքվեի արդյունքներով:
Մեջբերենք երեք օրինակ.
ա) «Նախագահական Հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31, ԱՀՀԿ վարչապետի, գործառույթները դադարեցնելու մասին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահը» նյութի առաջին տողում կարդում ենք.
«Համաձայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (ԱՀՀ) Սահմանադրութեան Յօդուած 76-ին»:
բ) «Նախագահական Հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05, ԱՀՀԿ վարչապետի նշանակման մասին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահը» նյութի առաջին տողում կրկին կարդում ենք.
«Համաձայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (ԱՀՀ) Սահմանադրութեան Յօդուած 76-ին»:
գ) «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ներքին Գործերու Նախարարութեան թիւ 1-2017.06.13 արձանագրութիւնը եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի (Խորհրդարանի) իրաւաբանական յանձնաժողովի որոշումներ», Երեւան, Յունիսի 13, 2017 թուական» նյութի առաջին տողում կարդում ենք.
«Համաձայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (ԱՀՀ) Սահմանադրութեան Յօդուած 76-ին»:
Երեք դեպքերում էլ հղումներ են արված չընդունված Սահմանադրության ապօրինի հոդվածների վրա, փորձելով իրավականության ու իրավաչափության պատրանք ստեղծել, սակայն երեք դեպքերում էլ նյութերի շարունակությունը կարելի է չնայել, որովհետեւ գործ ունենք ակնհայտ անօրինականության ու ապօրինության նախադեպային փաստերի հետ:
Այդպես նախկին նախագահը կարող էր եւ կարող է անընդհատ շարունակել ու շարունակել, սակայն դրանով իսկ չի կարող ձեւավորել պետական համակարգի իրավական իրական ու ամուր հիմքեր, փոխարենը կարող է ցնցել ու ցնցել ողջ պետական համակարգը, ինչպես դա արդեն պատահել է եւ նախկինում, եւ ներկայիս:
Ասվածից պարզ է ու հստակ, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը իրավունքի ու օրենքի սկզբունքի ու տառի համաձայն ողջ ընթացակարգը չի անցել, հետեւաբար եւ ընդունված չէ, ուստի նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից դրա հոդվածներին հղումներ անելը, հրամանագրեր ու հայտարարություններ արձակելը անօրինական ու ապօրինի գործողություն է՝ սահմանակցված իշխանության յուրացման փորձին, ինչը բոլոր օրենսդրություններում եւ Սահմանադրություններում որակվում է, որպես հանցագործություն:
Այն, որ այսօրինակ ակնհայտ ապօրինությունն ու չարդարացված ճնշումները պատճառ են դարձել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ներսում լարված իրադրության առաջացման ու դրա անխուսափելի հանգուցալուծման, ամենեւին զարմանալի չէ, ավելին՝ օրինաչափ է:
Հիշեցնենք, որ 2017 թ. հունիսի 11-ին գումարված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում որոշում է ընդունվել 2017 թ. հունիսի 11-ից Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունների դադարեցման մասին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական օրենքների կոպիտ խախտումների եւ իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով:
Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ ջանք չեմ խնայելու օրենքի եւ իրավունքի ոգուն ու տառին հավատարիմ առաջնորդելու Սահմանադրության ընդունման ընթացակարգը մինչեւ վերջ, դրանով իսկ ապահովելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի օրենսդրական ամուր հիմքն ու անժխտելի իրավաչափությունը:
- Միջազգային պայմանագրերի վավերացման հարցի մասին:
Միջազգային պայմանագրերի վավերացման հարցում նույնպես առկա է ընթացակարգի խնդիրը. պայմանագրի ստորագրում, պայմանագրի քննարկում խորհրդարանում եւ համապատասխան որոշման կայացում, կայացված որոշման հիման վրա օրենքի ձեւակերպում, օրենքի ստորագրում նախագահի կողմից:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահի կողմից առաջադրված ու նրա կողմից միակողմանի փոփոխված Սահմանադրության օրինակում կարդում ենք.
Հոդված 76. «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահը Պայմանագիրներու վաւերացման վերաբերեալ
Կետ 8) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահին կողմէ վաւերացման ենթակայ են այն միջազգային պայմանագիրները, որոնք ունի քաղաքական կամ ռազմական բնույթ, կամ կը նախատեսեն պետական սահմանի փոփոխութիւն»:
Նույն ձեւակերպումը կարդում ենք նաեւ 107-րդ հոդվածում.
Հոդված 107. «Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի առաջարկութեամբ կը վաւերացնէ, կը կասեցնէ կամ չեղեալ կը յայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան միջազգային պայմանագիրները, բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի»:
Կրկնենք. «...բացառութեամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի»:
Հնարավո՞ր է, որ ազգային – պետական նշանակության այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն«, ենթակա լինեն մեկ մարդու կամքին ու քմահաճույքին, նույնիսկ եթե նա նախագահ է:
Բացառված է: Եւ նման օրինակ չեք գտնի աշխարհի եւ ոչ մի քաղաքակիրթ երկրի Գլխավոր օրենքում՝ ոչ մի երկրի Սահմանադրության մեջ:
Այս կարեւորագույն հարցում եւս հոդվածը պետք է ձեւակերպված լինի այնպես, ինչպես ընդունված է «Միջազգային պայմանագրերի վավերացման մասին» ընթացակարգում, ըստ քայլերի հերթականության, եւ ոչ թե նախկին նախագահի համառության ու քմահաճույքի:
- Նախագահի լիազորությունների մասին:
Նախագահի լիազորությունները պետք է լինեն ճիշտ այնքան, որքան նախատեսում է երկրի պետական կառավարման համակարգի ընտրությունը. նախագահական, նախագահա-խորհրդարանական, խորհրդարանա-նախագահական եւ այլ...
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրության նախագծի մեջ նշված է. «Արեւմտեան Հայաստանի Հանրապետությունը նախագահա-խորհրդարանական հանրապետություն է»:
Հետեւաբար, այստեղ նախագահի լիազորությունները այնքան են, որքան թելադրում է կառավարման համակարգի այս ձեւը, բայց ոչ երբեք միապետական:
Այս դեպքում կարեւոր չէ նույնիսկ, թե ի՞նչ ձեւակերպում է տրվում նախագահի պարագային՝ «նախագահ», «նախագահ՝ պետության գլուխ», թե «պետության գլուխ՝ նախագահ», որովհետեւ իրականում պարտականությունների ու լիազորությունների հարցը կարգավորվում է օրենքով, օրենքի համապատասխան բաժիններում՝ նախագահ, խորհրդարան, կառավարություն, որտեղ հստակ նշված են նաեւ, թե լիազորությունների, թե իշխանության թեւերի հավասարակշռության, եւ թե արդյունավետ համագործակցության սահմանները, դրանց չափն ու կշիռը:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը ձգտել է բացարձակ լիազորությունների, որոնք նախատեսված չեն եղել ոչ «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» կանոնակարգ օրենքով (11.06.2014) եւ ոչ էլ հատուկ հանձնաժողովի ներկայացրած Սահմանադրության նախագծի օրինակով: Դրանք ամեն անգամ նախկին նախագահը միակողմանի փոփոխել է իր նախագահական հավակնությունների ու շահերի համեմատ, ձգտելով բացարձակ իշխանության ողջ պետական համակարգի նկատմամբ:
Դրա վառ ապացույցը նրա կողմից միակողմանի փոփոխված Սահմանադրության օրինակն է եւ դրա միակողմանի «վավերացումը», «ստորագրումը», եւ վերոնշյալ երկու հրամանագրերն ու վերջին հայտարարությունը, որոնց՝ օրինականության ու իրավունքի շունչ հաղորդելու փորձեր է արվում, հենվելով չընդունված Սահմանադրության ապօրինի հոդվածների վրա:
Այժմ լիովին տեսանելի է, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական համակարգը Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի սկզբունքային որոշման հիման վրա խուսափել է իշխանության յուրացման փորձից:
Խնդիրը դյուրին չէ, իրավիճակը կայունացնելու, ապա ամրացնելու, պետական համակարգը դեպի նոր ծրագրային ուղիներ առաջնորդելու հարցը կա:
Որպես պատգամավոր կատարել եմ պարտքս, քվեարկել համակարգի փրկության, ազատության ու անկախության համար:
Որպես նորընտիր նախագահ, որպես 1978 թվականից հայաշունչ ազգային ու ազգագրական շարժման ու գործունեության անմիջական մասնակից ու դերակատար, այդ թվում՝ «Զարթոնք» եւ «Զվարթունք» ազգագրական համույթների համաղեկավար՝ Հայրիկ Մուրադյանի հետ միասին, որպես Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության եւ Արցախյան ազատամարտի մասնակից, որպես արմատներով Սասուն աշխարհից հայ մարդ, մտավորական ու քաղաքացի՝ անպայման ձգտելու եմ արդարացնել գործընկերների եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների վստահությունը:
Նոր երկար ճանապարհի առաջին քայլերն են արված, միասին ենք, այդ միասնությունը կօգնի հաջողությամբ ու պատվով անցնելու մնացած ճանապարհը. ազատագրելու Արեւմտյան Հայաստանը, արդարացի ու վերջնական լուծում տալու Հայկական Հարցին, հաստատելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը՝ Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
23.06.2017 թ.
Աղբյուրը` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Լրատվական ծառայություն
|