ARMINFOCENTER: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին նվիրված «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի աջակցությամբ։
Համաժողովը հանգամանորեն քննարկեց հետևյալ խնդիրները
-Համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղիները` ճգնաժամային պայմաններում:
-ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների և սփյուռքյան կառույցների համագործակցության ուղիները:
-Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում:
-Հեռուստատեսության, ռադիոյի և էլեկտրոնային մամուլի համագործակցության հեռանկարները:
-Հայկական սփյուռքի գործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում:
-Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ առնչվող խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում
Լրագրողների համաժողովը հաստատեց, որ համաժողովների հետևողական քննարկումները, ՀՀ-Արցախ-Սփյուռք համագործակցության խնդիրների շուրջ համահայկական լրատվամիջոցների համախմբումը հանգեցրին գործնական արդյունքների. Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դրսևորելով միասնական հզոր ուժ և պատասխանատու վարքագիծ՝ հայկական լրատվամիջոցները, մոտ 10 ժամ կաթվածահար անելով հակառակորդի լրատվամիջոցների գործունեությունը, աշխարհին մատուցեցին արցախյան իրադարձությունների վերաբերյալ ճշմարիտ տեղեկատվություն։
Համաժողովը առաջնային համարեց՝
- Աշխատանքները նպատակաուղղել Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջազգային վարկի բարձրացման, Հայաստանի և հայության մասին համաշխարհային տեղեկատվական տարածքում դրական կարծիքի ու կերպարի ձևավորման ուղղությամբ։ Այդ նպատակով համագործակցել բազմազգ ընթերցողներ ունեցող երկրների օտարալեզու լրատվամիջոցների լրագրողների հետ և հնարավորինս հաճախակի դարձնել նրանց այցելությունները Հայաստան։
- Հայ լրագրողական մարդուժի ցանցային հնարավորությունների լիարժեք օգտագործման և լրագրողական մասնագիտական ներուժի համախմբված աշխատաոճի որդեգրման և զարգացման, պետական և համազգային տեղեկատվական ռեսուրսների լիարժեք օգտագործման միջոցով արդի տեղեկատվական ահռելի հոսքը նպատակաուղղել ի նպաստ հայի և Հայաստանի:
- Հայկական ԶԼՄ-ներն իրենց առաքելության մեջ այսուհետ ևս էական տեղ պետք է հատկացնեն տարբեր ձևերով հայոց հարուստ և հնամենի պատմության ու մշակույթի պահպանմանը և հանրահռչակմանը, ինչպես նաև հայապահպանության, հատկապես Հայոց լեզվի անաղարտ պահպանման համար նոր միջոցներ որդեգրելուն:
- Շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը նպաստող տեղեկատվության, Հայ դատի, Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված զարգացումների լուսաբանումը, վերլուծել և համակարգել լրատվամիջոցներում առկա փաստական նյութերը:
Համաժողովի մասնակիցները որոշեցին
-Համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դո՛ւ ի՞նչ ես արել Ղարաբաղի համար» խորագրով շարժում՝ ողջ աշխարհի հայությանը հանձնառու դարձնելու ԼՂՀ-ին օգնելու, ներդրումները խթանելու, ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական, գիտակրթական և մշակութային կյանքը առավել զարգացնելու առումով։
-Քարոզել, ներկայացնել և հետևողականորեն բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
-Միջոցներ գտնել օտարալեզու մամուլի ներկայացուցիչներին գործուղելու Ղարաբաղ՝ ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու համար։
-Նպատակաուղղված աշխատանքներ տանել հայաստանակենտրոն Սփյուռքի մասնագիտական կազմակերպման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և Հայրենիքի հզորացման համար Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի ջանքերը մեկտեղելու համար։
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներ
HayernAysor.am
|