АРМИНФОЦЕНТР: Աշխարհը չէր հասցրել մանրամասն դիտարկել Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինի մի կերպ նստելու լուսանկարը, երբ ֆոտոհոսքում հայտնվեց Պուտինի արտգործնախարար Սերգեյ Լավրովի լուսանկարը՝ դեմքի վնասվածքներով, որ նա ստացել էր թուրքական այցի ընթացքում: Ասում են, որ Լավրովն ընկել է հյուրանոցում՝ կոտրել ձեռքը, ու ինչպես լուսանկարում է երեւում՝ նաեւ վնասել քիթն ու բերանը: Երեւում է, ՌԴ արտգործնախարարը բավական վատ է ընկել: Շատ ավելի վատ, քան օրինակ Հիլարի Քլինթոնը, որը սայթաքեց օդանավի աստիճաններին: Տեսանյութն անցավ ամբողջ աշխարհով, բայց Քլինթոնի դեմքը մնաց անվնաս: Լավրովը դեմքի վրա է ընկել՝ Թուրքիայում, ու դա բավական խորհրդանշական է: Բանն այն է, որ Ռուսաստանը Թուրքիայում կարծես թե միշտ է ընկնում «բերանքսիվայր» ու վնասում դեմքը: Ռուսներն իրենց դեմքի հաշվին մշտապես նպաստել են Թուրքիայի շահերի սպասարկմանը: Ընդ որում՝ գրեթե մշտապես հայերի հաշվին: Դա թող չնշանակի, թե խեղճ հայերը մշտապես ռուսների պատճառով տուժել են թուրքերից: Հայերը տուժել են իրենց պատճառով, այսինքն իրենց սխալների, վրիպումների պատճառով: Բայց դա չի նվազեցնում նաեւ Ռուսաստանի գործողությունների պատասխանատվությունը, որոնք հիմնականում հակասել են հայկական շահին եւ սպասարկել են թուրքականը: Վերջում անպայման վնասելով Ռուսաստանի դեմքը: Թուրքիայի հետ մշտապես գործարքների են գնացել թե ցարական Ռուսաստանը, թե բոլշեւիկյան ու սովետական Ռուսաստանը, ու երկու դեպքում էլ Մոսկվան ռազմավարական առումով մնացել է ձեռնունայն, իսկ Թուրքիան վերածվել տարածաշրջանային էական դերակատարի, որի հետ այսօր փորձում է գործարքի գնալ արդեն սովետացարական Ռուսաստանը: Նախախնամությունը միգուցե հուշում է՝ Լավրովի «դեմքով», որ արժե մտածել մինչ հերթական գործարքի գնալը, քանի որ դրա էֆեկտը Ռուսաստանի համար խիստ կարճաժամկետ է լինելու, իսկ ռազմավարական իմաստով Ռուսաստանի «քիթումռութը» Թուրքիան հերթական անգամ քսելու է գետնին: Միգուցե, եթե ցարական կամ բոլշեւիկյան Ռուսաստանի պաշտոնյաներից որեւէ մեկը Թուրքիայում «բերանքսիվայր» ընկներ ժամանակին, չլինեին այն խայտառակ ռուս-թուրքական գործարքները, որոնց համար շատ թանկ է վճարել Հայաստանը: Կասկած չկա, որ հերթական գործարքի համար էլ Մոսկվան ստիպելու է վճարել Հայաստանին: Թուրքիան էլ դեմ չի լինելու, որ վճարողը Հայաստանը լինի: Արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել տեղեկություն, թե Թուրքիան կարող է ցանկություն հայտնել միանալ Մաքսային միությանը՝ ինչը նույնն է, թե Եվրասիական միությանը: Այդ տեղեկությունը Ռուսաստանը փոձելու է որպես ճնշման միջոց կիրառել Երեւանի դեմ, ստնալով իր համար կարճաժամկետ էֆեկտը, իսկ երկարաժամկետ իմաստով հերթական անգամ կամա թե ակամա ծառայություն մատուցելով Թուրքիային եւ մեծացնելով նրա դերն ու նշանակությունը աշխարհում: Բանն այն է, որ երբ Կովկասում հաստատվում կամ ինքնահաստատվում է Ռուսաստանը՝ սովորաբար հայկական գործոնի ինքնուրույնության եւ անվտանգության, իսկ տվյալ դեպքում ինքնիշխանության ու անվտանգության հաշվին, Արեւմուտքի համար Թուրքիան դառնում է էական գործոն, քանի որ վերածվում է փաստորեն հակառուսական պլացդարմի: Թուրքիան պատմության ընթացքում Ռուսաստանի հետ պերմանենտ սիրախաղերով Արեւմուտքի մոտ հմտորեն խաղարկել է այդ գործոնն ու առաջ գնացել: Ներկայում Արեւմուտքի հետ ռազմավարական խնդիրներ ունեցող Անկարան կարծես թե հերթական անգամ փորձում է խաղարկել ռուսական գործոնը, Արեւմուտքի մոտ իր գինը բարձրացնելու համար: Այստեղ ինքնաբերաբար բարձրանում է Հայաստանի գինը, ինչով էլ թերեւս արտահայտվում է Արեւմուտքի աննախադեպ մեծ հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ: Հայաստանը կարող է Արեւմուտքին ազատել Թուրքիայի հանդեպ տակտիկական փոխզիջումների անհրաժեշտությունից: Բայց, դա այն դեպքում, երբ Հայաստանն իր բարձրացող գինը ստիպված չլինի վճարել ռուս-թուրքական հերթական գործարքում ռուսական կողմի փոխարեն: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ, "Lragir.am"
|