АРМИНФОЦЕНТР: Միջպետական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ՝ 2012 թվականի Դեկտեմբերի 7-ին Գերմանիայի Դաշնության Մայնց քաղաքի Գուտենբերգ թանգարանում կազմակերպվեց հայ գրատպության 500–ամյակին նվիրված ցուցահանդես: Բացման արարողությանը ներկա էին Ռայնլանդ Պֆալց երկրամասի մինիստր-պրեզիդենտ Կուրտ Բեքը, Մայնցի քաղաքապետ Միքայել Էմբլինգին: Միջոցառմանը հրավիրված էր նաեւ Քյոլնում գործող Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ՀՀ ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոխեն Շմիդտը, Ֆրանկֆուրտի եւ Մայնցի Հայ համայնքների ներկայացուցիչներ, Գուտենբերգ թանգարանի աշխատակիցներ: Երեկոյան ժամը 18.30-ին Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան ՝Արմեն Մարտիրոսյանի առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ժամանեց թանգարան, որտեղ նրանց սպասում էին միջոցառման մասնակիցներ, հրավիրյալները, պաշտոնական այլ անձինք: Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը իր ելույթով դիմավորեց Մայնցի քաղաքապետ՝ Միքաել Էմբլինգին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը թողեց իր գրառումը պատվավոր հյուրերի գրքում, որից հետո տեղի ունեցավ ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Ելույթ ունեցան ՀՀ Վարչապետ՝ Տիգրան Սարգսյանը, Ռայնլանդ Պֆալց երկրամասի մինիստր-պրեզիդենտ Կուրտ Բեքը, Մայնցի քաղաքապետ Միքայել Էմբլինգին, Գուտենբերգ թանգարանի տնօրեն՝ Դր. Աննետտա Լուդվիգը, Հալլե քաղաքի Մարտին-Լյութեր համալսարանի արեւելագիտության բաժնի պրոֆեսոր Արմենուհի Դրոստ - Աբգարյանը: Այնուհետեւ վարչապետ Տ. Սարգսյանը եւ հյուրերը շրջեցին ցուցասրահներով՝ ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին: Ցուցահանդեսի մասնակիցներին ներկայացվեցին Գերմանիայում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաև եզակի ցուցանմուշներ Հայաստանի ազգային գրադարանից, հայերեն առաջին տպագիր «Ուրբաթագիրք»-ը, որը տպագրել է Հակոբ Մեղապարտը 1512 թ.՝ Վենետիկում: Գիրքը բաղկացած է 124 էջից, որից 24-ը խորագրային՝ զարդանախշ սև և կարմիր գույներով։ «Ուրբաթագիրք»-ից ընդամենը մեկ օրինակ է պահպանվում Ազգային գրադարանում, այն ազգային գրադարանի տպագիր ամենահին գիրքն է: Մատենադարանից ներկայացված էին Ոսկան Երևանցու Աստվածաշունչը, հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը»: Գերմանիայի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան ՝Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացրեց հայ համայնքի ներկայացուցիչներին: Պաշտոնական մասի ավարտից հետո Տիգրան Սարգսյանը նկարվեց եւ մտերմիկ զրույց ունեցավ Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների՝ միջոցառման մասնակիցների հետ: Ցուցահանդեսի պաշտոնական բացման ավարտից հետո տեղի ունեցավ ազատ զրույց գերմանահայ համայնքի ներկայացուցիչների միջեւ, քննարկվող թեմաները բազմաշերտ էին եւ բազմաբնույթ, որոնք աստիճանաբար մշակույթից տեղափոխվում էին քաղաքականություն, քաղաքականությունից՝ մշակույթ: Քննարկվեցին հայության առջեւ ծառացած մշակույթի եւ քաղաքականության այսօրվա խնդիրները, փոխանակվեցին կարծիքներ: Մասնակիցների մեջ մեծ հետաքրքրություն էր առաջացրել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի հինգերորդ վեհաժողովը, որը տեղի էր ունեցել 2012-ի թվականի Դեկտեմբերի մեկից - երկուսը՝ Փարիզում: Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կատարած աշխատանքների վերաբերյալ հարցերին պատասխանեցին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Գիտության եւ կրթության հանձնաժողովի պատասխանատու՝ Կարինե Հայրապետյանը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արտաքին գործերի հանձնաժողովի պատասխանատու՝ Արամ Մկրտչյանը: Կարինե Հայրապետյան Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Գիտության եւ կրթության հանձնաժողովի պատասխանատու 09. 12. 2012 Մայնց, Գերմանիա
|