Այս մեկ տարվա ընթացքում, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության եւ գիտության հանձնախումբը հաղթահարեց մի շարք կազմակերպչական դժվարություններ եւ իրականացրեց մի շարք աշխատանքներ, որոնք այսօր ես ամփոփ կներկայացնեմ: Մեր կատարած աշխատանքների մի մասը հանրությանը հասանելի է դարձել մամուլի եւ հեռուստալրատվության միջոցով:
Անցած 11 ամիսների ընթացքում Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության եւ գիտության հանձնախումբը իրականացրեց մի շարք ծրագրային աշխատանքներ, բայց մինչեւ կատարած աշխատանքների ամփոփագիրը ներկայացնելը, կուզեի ձեզ ներկայացնել մեր աշխատախմբին, որը այս 11 ամիսների ընթացքում իր ուժերի սահմաններում իրականացրեց աշխատանքները:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության եւ գիտության հանձնախմբի կազմում ներգրավված են տարբեր երկրներից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանից: Ընդհանուր առմամբ հանձնախմբի աշխատանքների մեջ ներգրավված են եւ մասնակցում են մեծ թվով մարդիկ, որոնց մասնակցությամբ է մեզ հաջողվում իրականացնել հանձնախմբի աշխատանքները:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության եւ գիտության հանձնախմբի աշխատանքները բաժանված են մի քանի հիմնական ուղղությունների,
1) գիտական,
2) մշակութային,
3) վերլուծական,
4) ներքին կազմակերպչական:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության եւ գիտության հանձնախմբի 2012 թվականի աշխատանքային ծրագրերը իրականացվում են հիմնականում գիտական, լրատվական, վերլուծական բաժիններում ընդգրկված մասնագետների միջոցով:
Ներկայացնենք երեք բաժինների աշխատանքները:
Ա) Գիտական բաժինը ուսումնասիրում էր Միասնական գրավոր լեզվի վերականգնման խնդիրը: Այդ ուսումնասիրությունների եւ հետազոտությունների արդյունքում մենք հրապարակեցինք մեր աշխատանքը, որը կոչվում էր «Միասնական գրավոր լեզվի վերականգնման խնդիրը»:
Բ) Մշակութային բաժինը կարեւորեց Անի քաղաքի մշակութային պահպանության խնդիրը: Դա երկրորդ ուղղությունն էր, որտեղ թիմային աշխատանք իրականացնելուց հետո մենք կարողացանք ներկայացնել մեկ աշխատանք, որը անվանվեց ՝ Անի քաղաքի մշակութային պահպանության խնդիրը:
Մեր աշխատանքների ուսումնասիրությունների մեջ առկա էին նաեւ ազգային գենետիկ ռեսուրսների նյութերը, որոնք ներկայացնում են հիմնականում ուտեստների, պարերի, տեղանունների, դեղաբույսերի, կենդանական աշխարհի տեսակների, որոնց պատկանելիությունը եւ անունների ծագումնաբանությունը մեկ այլ շահագրգիռ կողմից յուրացված է կամ ներկայացված է որպես այլ մշակույթի ժառանգություն:
Դ) Վերլուծական բաժին
Մեր այս բաժինն իրականացնում է մի աշխատանք, որը իրոք բավականին կարեւոր է: Աշխարհի տարբեր երկրներից մեր թիմը կատարում էր մոնիտորինգ իր հնարավորության սահմաններում վերլուծում է տարբեր երկրներում լույս տեսած մշակութային նորությունները, որոնք առնչվում են մեր խնդիրների հետ, որն էլ իր հերթին օգնում է ձեւավորել մեր մոտեցումը եւ դիրքորոշումը այն խնդիրների նկատմամբ, որոնք մենք այս տարվա մեջ ներկայացրեցինք հանրությանը:
Լրատվական աշխատանք
Լրատվական Աշխատանքը իրականացնելու ժամանակ, հիմնականում շրջանառվեցին գիտության եւ վերլուծական բաժնի ամփոփ աշխատանքները, որոնք էլ մենք ներկայացրեցինք հանրությանը: Հանձնախմբի հրապարակված աշխատանքներnն են ըստ ամիսների:
2012 թվականի հունվար.
Ա) Հայոց հին եւ նոր հավատամքը,
Նյութի գլխավոր թեման էր նախաքրիստոնեական հավատամքը: Ներկայացրել ենք նախաքրիստոնեական ժամանակաշրջանի մեր կրոնական մշակույթի, հավատի դիցական համակարգը, ներկայացնում ենք, որ նախաքրիստոնեական հավատը հայ մշակույթի անբաժանելի մասն է, այն նույնքան կարեւոր է մեզ համար, որքան քրիստոնեական մշակույթը:
Բ) փետրվար.
«Մաղթանք»՝ ուղղված էր Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության տարելիցին: Այստեղ ներկայացված էր Առաքելականությունը, Արիականությունը, Բանախոսությունը, Լուսավորչականությունը եւ Բարեպաշտությունը, որպես Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության գաղափարախոսության մաս: Մաղթանքը ներկայացված է նաեւ տեսաֆիլմով:
Գ) «Վահագնածնունդի խորհուրդը», ներկայացրել էինք նախաքրիստոնեական կրոնական ուսմունքի ավանդազրույցներից պահպանված դրվագներ:
Դ) «Անահիտ աստվածուհին» աշխատանքը, որտեղ նույնպես ներկայացրել էինք նախաքրիստոնեական կրոնական ուսմունքի պահպանված դրվագներ ավանդազրույցներից, որոնց միջոցով փորձելով վերականգնել Անահիտ աստվածուհու հետ կապված նախաքրիստոնեական պատմությունը: Մեր մշակույթի այս ավանդույթները, գաղափարախոսական արժեքները, նույնքան կարեւոր են մեզ համար, ինչքան քրիստոնեական արժեքները:
ե) Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի դիմումը ուղղված UNESCO-ին՝ Անի քաղաքի մշակութային ժառանգության հարցով:
Այս աշխատանքը իրականացնելու համար Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության եւ գիտության հանձնախմբի աշխատանքներին մասնակցեցին հանձնախմբի շատ անդամներ, որոնք իրենց լուման ներդրեցին աշխատանքը կազմելու եւ ներկայացնելու գործում: Աշխատանքի հիմնական նպատակն էր ներկայացնել հանրությանը, Անի քաղաքի մշակույթը, որպես հայ մշակույթի անբաժանելի մաս, որը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Արեւմտյան Հայաստանում: «Անիի մշակութային ժառանգությունը հայության բացառիկ քաղաքակրթական եւ մշակութային արժեքներից է, ուստի «Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը եւ Արեւմտյան Հայաստանի Հայերի Համագումարը` այդ հատուկ դիմումով պահանջելու են UNESCO-ից պաշտոնապես մերժել Թուրքիայի Հանրապետության կողմից ներկայացվող ցանկացած դիմում, որի միջոցով փորձ կարվի Արեւմտյան Հայաստանի տարածքների վրա գտնվող պատմական մշակութային արժեքները ներկայացնել որպես Թուրքիայի Հանրապետության մշակութային ժառանգության մաս, միաժամանակ մերժել Թուրքիայի Հանրապետության կողմից ներկայացված, բայց իրականում Արեւմտյան Հայաստանին պատկանող Անի քաղաքի մշակութային ժառանգության գրանցման միջնորդությունը»:
Մեր այս աշխատանքը, որպես իրավական փաթեթ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Պարոն Աբրահամյանը 2012 թվականին սեպտեմբեր- հոկտեմբեր ամսին ներկայացրեց UNESCO:
Գ) ՄԵԿ ԱԶԳ , ՄԵԿ ԼԵԶՈւ ծրագրի շրջանակներում իրականացրեցինք «Հայերէնի միասնական դասական ուղղագրութիւն» աշխատանքը, որտեղ խոսեցինք հիմնականում այն խնդիրների մասին, որոնք կապված են միասնական գրավոր լեզու ունենալու երեւույթը:
Հայոց լեզվի միասնականացման խնդրին անդրադարձել են Հայաստանի Հանրապետության (17.04.1993 թ.) եւ Արցախի Հանրապետության կառավարությունները, նրան ընդունել են, Հայոց լեզվի մասին օրէնքը` որտեղ ասված է՝ «Հայաստանի Հանրապետությունն աջակցում է հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը սփյուռքում: Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը»:
Հայերէնի միասնական դասական ուղղագրության խնդիրը կապված է միջլեզվական կամ արեւելահայերէնի, արեւմտահայերէնի, միջին հայերէնի եւ գրաբարի միջեւ արհեստական ձեւով առաջացած անջրպետի վերացման հետ: Հայերենի միասնական ուղղագրությունը կվերացնի Արեւմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ մեր գաղթավայրերի միջեւ առաջացած տարաբնույթ լեզվական խնդիրները:
Անցումը հայերենի միասնական ուղղագրությանը, հայոց լեզվի ներքին օրենքներին չի խոչընդոտում, այլ նպաստում է արեւմտահայերենի, արեւելահայերենի՝ գրական հայերենի, որպես բանավոր լեզուների զարգացմանը եւ բնականաբար միասնական ուղղագրութիւնը չի նշանակում գրել արհեստական մի նոր գրավոր լեզվով, այլ նշանակում է վերադարձ լեզվի դասական ակունքներին: Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Հայոց լեռնաշխարհի բարբառների ուսումնասիրումը եւ տվյալ բարբառով լեզուն հարստացնելը լեզվագրական, գրական ժողովածուների հրատարակումը, հնարավորություն կստեղծի ավելի ամրացնել միասնական բանավոր խոսքը:
Դ) Անդրադարձանք մշակութային այլ խնդիրների, որոնց ազգային եւ հեղինակային պատկանելիության իրավունքը միջազգային ասպարեզում խնդրահարույց են, նույնիսկ մեր ուսումնասիրողներն իրենց աշխատանքներում տերմինների եւ անվանումների բացատրությունները աղավաղում են, քանի որ բացատրությունը տալիս են շրջանցելով գրաբարը:
Գրաբարը հանդիսանում է հայության մայրենին: Գրաբարը հազարամյակների միջով մեզ հասած այն ժառանգությունն ու գանձն է, որը արմատ եւ հիմք է դարձել հայ լեզվի եւ լեզվամտածողության համար: Հայոց լեզուն, մշակույթը, ազգային գաղափարախոսությունը ճիշտ ներկայացնելու համար պետք է սկսել գրաբարից:
Գրաբարի հարուստ լեզվական պաշարը, հայ լեզվամտածողության արմատը փակված է, մենք չենք կարողանում օգտագործել այն հավուր պատշաճի, որի պատճառով շատ բառերի ծագումնաբանությունը, հատկապես կապված հայ նախաքրիստոնեական ժամանակաշրջանի հայ դիցաբանության հետ, հիմնականում բացատրվում եւ կապվում է իրանա-պարսկական, արաբական եւ այլ լեզուների լեզվամտածողության հետ, որն էլ աղավաղում է բառերի իմաստային, պատմական, գաղափարախոսական հենքը եւ լեզվական պատկանելիությունը: Կան բառերի կամ արտահայտությունների մի խումբ, որոնք հիմնականում կապված են նախաքրիստոնեական շրջանի հայ դիցաբանության, տեղանունների, պարերի, ազգային ուտեստների բացատրությունների հետ, որոնք դուրս են մնացել մեր ուշադրությունից եւ սեփականացվել են հարեւան ժողովուրդների կողմից:
Դ) Հաջորդ մեր աշխատանքն է« Սիրիահայության ակունքները»
Այս աշխատանքով ներկայացրեցինք Սիրիահայության ակունքները, որոնց արմատները գալիս են Կիլիկիայից, Փոքր Հայքից, Ծոփքից: Աշխատանքում նշեցինք որ Կիլիկիա՝ Կիցցուվատանան հայոց հնագույն ոստանն է: Անդրադարձել ենք նաեւ մեր հայրենիքի պատմությունը հոմերոսյան ժամանակաշրջանին: Այդ ժամանակաշրջանում Կիլիկիան Հայոց աշխարհի մասն է հանդիսացել եւ տարածաշրջանի համար եղել է հավատամքի եւ աստվածապաշտական գլխավոր կենտրոն: Հոմերոսի դյուցազներգության մեջ Հայոց արքա (Հ)սկայ Զարմայրն էր ներկայացնում Ասերի Երկրի ժառանգական արեւապաշտական գաղափարախոսությունը կապված «լույս դռան», «Սկայի դուռ» արտահայտության հետ: (Հ)սկայ Զարմայրն էր պաշտպանում «Սկայի դուռ» գլխավոր հավատամքի՝ այսինքն Կիլիկիայի «Հայտնի Լույսի դուռ» դարպասը:
Աշխատանքի մեջ անդրադարձել ենք նաեւ Կիլիկյան Հայկական պետության (1080-1375 թթ) Ռուբինյան իշխանության(1080-1198թթ.), Հեթումյան թագավորությանը: Այնուհետեւ ներկայացրել ենք ազգային գործիչ Միհրան Տամատյանի (1863-1945) գլխավորությամբ 1920թ. Օգոստոսի 4-ին հռչակված Կիլիկիայի ինքնիշխանության ու անկախության փաստը։ Հայերի զանգվածային գաղթը դեպի Սիրիա, որը սկիզբ է առնում Հայերի ցեղասպանության ու բռնագաղթի հետեւանքով, երբ ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցները Սիրիայում հիմնեցին մշակութային կենտրոններ, ազգային միություններ, դպրոցներ, տարրական դպրոցներ, թատրոն, թերթեր, ամսագրեր:
Ներկայացրել ենք նաեւ Սիրիայում ծայր առած այսօրվա պատերազմական իրավիճակը, որի թոհուբոհում է հայտնվել այսօր հայ համայնքը, եկեղեցիները, դպրոցները… եւ կրկին գաղթ: Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության եւ գիտության հանձնախմբի մտահոգություններից են սիրիահայերի առջեւ ծառացած ժամանակակից խնդիրներին լուծումներ գտնելու հարցերը:
Դ) Վերջին աշխատանքը, որ մենք պատրաստեցինք <<Հայկական Պատմական - մշակութային արժեքները աշխարհի թանգարաններում եւ նրանց պատմական պատկանելիության եւ իրավունքի վերականգնման խնդիրները>> ուսումնասիրությունն է:
Այնտեղ ներկայացրել ենք աշխարհի մի շարք առաջնակարգ թանգարաններ, Անգլիայի Բրիտանական թանգարանը, Գերմանիայի պետական գրադարանները եւ Բեռլինի թագավորական գրադարանը, Ֆրանսիայի Լուվր եւ Վերսալ թանգարանները, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը, ինչպես նաեւ Վենետիկի Մխիթարյան Միաբանության եւ շատ այլ կենտրոնական թանգարաններ, որտեղ պահվում են հայկական պատմական, մշակութային արժեքները:
Մենք շնորհակալ ենք բոլոր այն երկրներին, որոնք պահել ու պահպանել են Հայ մշակույթի արժեքները եւ մեր մշակույթը ներկայացնում են պահպանելով նաեւ մեր իրավունքը: Ազգային մշակույթի ստեղծագործությունն առաջին հերթին արժեքավոր է իր շուրջ ստեղծված պատմության շնորհիվ, իր կենսագրությամբ, իր պատկանելիությամբ եւ հայոց մշակույթը այդ առումով բացառություն չէ:
Ցավոք Հայոց պատմության եւ մշակութային ժառանգության նենգափոխումը, կեղծարարությունը մեր առօրեայի մասն են կազմում: Արդեն չենք զարմանում, երբ լսում ենք այս կամ այն կեղծարարության մասին, սակայն մենք գիտենք նաեւ, որ նման կեղծարարություններին պետք է պատասխանել ինչպես հարկն է:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության եւ գիտության հանձնախումբը կարիք ունի համակարգված աշխատանքի, որի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն մասնագետների, պատմաբանների, հնեաբանների միջոցով հայտնաբերել խեղաթյուրումը, կեղծարարությունը, նենգափոխումը, այլեւ այլ շահագրգիռ կազմակերպությունների խմբերի եւ անհատների աջակցությունը, օգնությունը, որը կնպաստի ներկայացնել եւ բացահայտել, պարզաբանել եւ վերականգնել պատմական ճշմարտությունը մեր իրավունքի շրջանակներում:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության եւ գիտության հանձնախումբը իր աշխատանքային ծրագրերի մեջ առաջնային է համարում հայոց պատմական եւ քաղաքակրթական արժեքների նկատմամբ մեր իրավունքի վերականգնումը: Միջազգային օրենքները բավարար են, որպեսզի մենք կարողանանք վերականգնել մեր քաղաքակրթական իրավունքները աշխարհի տարբեր թանգարաններում ներկայացված հայոց մշակութային արժեքների եւ գանձերի նկատմամբ:
Այս առումով առաջնային է մեր եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ առկա խնդիրների կարգավորումը համաձայն Լոզանի համաձայնագրի, ըստ որի՝ Թուրքիայի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել կրոնական փոքրամասնությունների հավատքի օջախների պահպանման համար:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության եւ գիտության հանձնախմբի համար կարեւոր է հայկական մշակույթի արժեքների ճակատագիրը, որոնք հաճախ գտնվում են անհետացման շեմին եւ նաեւ այն մշակութային արժեքների ճակատագիրը, որոնք հայկական մշակույթի անբաժան մասն են կազմում, բայց համարվում են այլոց սեփականություն:
Կարինե Հայրապետյան
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Կրթության եւ գիտության հանձնաժողովի պատասխանատու
Փարիզ, Ֆրանսիա
30.11.2012թ.