Քսան տարի անց Հայաստանի Հանրապետությունը չդարձավ հայ ազգի առջեւ ծառացած խնդիրների լուծման եւ մեր դեմ ուղղված անվտանգության մարտահրավերների չեզոքացման արդյունավետ միջոցը, ուստի՝ ե՛ւ իրավաբանական, ե՛ւ քաղաքական անհրաժեշտություն էր Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության հռչակումը:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության հռչակումը հայության լինելիության գրավականներից է եւ ազգային ինքնության պահպանման հիմնասյուներից մեկը: Այսօր արդեն ակնհայտ է, առանց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառվարության Հայկական Հարցին իրավական լուծում տալը դառնում է ոչ իրական: Որեւէ մեկ մարմին, առանց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության, ի զորու չէ տալ Հայկական Հարցի լուծումը, որն իր հերթին խիստ խնդրահարույց է դարձնում հայոց պետական միավորների հարատեւելու հնարավորությունը:
Առանց Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման ցանկացած հայկական պետական, հասարակական եւ քաղաքական միավոր կմնա անհաստատ, ռազմականապես խոցելի, տնտեսապես խարխուլ, մշտապես կասկածի տակ է դրվելու հայոց տեսակի պահպանման խնդիրը: Արեւմտյան Հայաստանի հարցի լուծումը կենսական կարեւորություն ունի հայոց տեսակի վերականգնման եւ հայ ժողովրդի ընդհանրական իրավունքի կենսագործման համար:
Ներկայումս Հայության առաջ ծառացել են մի շարք լուրջ մարտահրավերներ, որոնք մեզ են ներկայացված որպես տնտեսական ծրագրեր, որոնք նպատակաուղղված են մշտապես մեկուսացման մեջ պահել մեզ մեր տարածաշրջանում: Այդ ծրագրերից են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղին:
Մենք հասկանում ենք այդ քայլերի հիմնական տրամաբանությունը, ուստի եւ նախաձեռնում ենք համապատասխան քայլեր, որոնց նպատակն է՝
-Հայ-վրացական հարաբերություններին հաղորդել նոր դինամիկա, օգտագործելով Ջավախքի ներկայությունը:
-Հասնել նրան, որպեսզի Թուրքիայի Հանրապետությունը ընդունի Արեւմտյան Հայաստանի Կառավարության փաստը եւ դրանով սկիզբ դնել բնականոն հարաբերությունների եւ անցնել հաջորդ փուլ, պահանջատիրություն՝ այսինքն հայրենիքի վերադարձի:
-Հաշվի առնելով Թուրքիայի շարունակական ձգտումը, անդամակցելու Եւրոպական Միությանը, քաղաքական շրջանառության մեջ մտցնել Թուրքիայի Եւրոպական Միությանը անդամակցության կարեւորության փաստումը մեր կողմից:
-Հասկանալով աշխարհաքաղաքական անխուսափելի՝ Իրավական եւ քաղաքական տեղաշարժերի ընթացքը, հույժ հրատապ եւ խիստ կարեւոր ենք համարում մեր շարունակական քայլերը հայոց իրավունքներին տեր կանգնելու ուղղությամբ: Որպեսզի Թուրքիան հնարավություն չունենա կիրարկել էստոպելի (estoppel) սկզբունքը, այս երեւույթին անդրադարձել է քաղաքագետ Արա Պապյանը (այսինքն, երբ հայկական կողմն իր գործողություններով կամ գործողությունների բացակայությամբ ցույց է տալիս, որ հաշտվել է ստեղծված իրավիճակի հետ) :
Հայ ժողովուրդը ունի բազում խնդիրներ, սակայն կենտրոնական ենք համարում հետեւյալ մոտեցումը՝
-Հայ ժողովուրդը կարող է վերականգնել իր իրավունքը եւ հանդես գալ նաեւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության հետ, որպես ինքնուրույն եւ արժանապատիվ քաղաքական միավոր:
-Արեւմտյան Հայաստանի ինքնիշխանությունը իր գոյությամբ ապահովում է մյուս հայկական պետությունների անկախությունը եւ ապահովում հայության համար բնական կենսատարածքի վերականգնման երաշխիքները եւ գենետիկ անվտանգությունը:
Արամ Մկրտչյան
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության
Արտաքին գործերի հանձնաժողովի պատասխանատու
30.11.2012 թ.