АРМИНФОЦЕНТР: Այն, ըստ նրա, «միասնաբար կարող է ներկայացնել սփյուռքահայությունը, որոշումներ ընդունել Սփյուռքի անունով եւ դառնալ կամուրջ Հայաստանի եւ Արցախի հետ»։ Անցած շաբաթավերջին Գլենդեյլում, հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում համաժողով է անցկացվել` նվիրված Հայաստան - Սփյուռք հարաբերություններին։ «Հայաստանը եւ Սփյուռքը ճգնաժամային խաչմերուկների առջեւ» խորագրով հանրային դասախոսությանը 700 մարդ է մասնակցել։ Միջոցառման կազմակերպիչներն էին Հայ իրավաբանների միությունը եւ Գլենդեյլի հայ երիտասարդաց կենտրոնը։ Բացման խոսքով հանդես է եկել Հայ իրավաբանների միության նախագահ Կարո Ղազարյանը։ Ելույթ են ունեցել Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅ Դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ատենապետ Վիգեն Հովսեփյանը։ Երեկոյի համադրողը ամերիկահայ հրապարակախոս, հասարակական գործիչ Հարութ Սասունյանն էր։ Գլխավոր թեման Հայաստան - Սփյուռք հարաբերություններն էին` ինչպես միասին աշխատել, համադրել ջանքերը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հարութ Սասունյանը ասաց, որ ինքը կոնկրետ առաջարկ է ներկայացրել. - «Ես որպես կոնկրետ առաջարկ անդրադարձա երկու հարցերի։ Մեկը այն էր, որ քանի որ Հայաստանը կառավարություն ունի, եւ նաեւ Արցախը կառավարություն ունի, ի տարբերություն այս երկու միավորների` երրորդ հայկական միավորը աշխարհի Սփյուռքն է, բայց այդ Սփյուռքը մեկ միավոր չէ, այլ կան տասնյակ, եթե ոչ` հարյուրավոր սփյուռքներ, կազմակերպություններ, միլիոնավոր անհատներ. մեր ժողովրդի երկու երրորդը ապրում է Հայաստանից եւ Արցախից դուրս եւ տակավին շարունակում է մնալ անկազմակերպ վիճակում։ Եվ առաջարկեցի մի բան, որ արդեն վաղուց առաջարկել եմ` որ Սփյուռքը պետք է ունենա ընտրովի մի կառույց, յուրաքանչյուր սփյուռքահայ ունենա մեկ քվե եւ իր քվեով ընտրի իր շրջանի պատգամավորական ներկայացուցչին, այդ պատգամավորները քով-քովի գալով` կկազմեն մի մարմին, որ միասնաբար կարող է ներկայացնել սփյուռքահայությունը եւ որոշումներ ընդունել Սփյուռքի անունով եւ դառնալ կամուրջ Հայաստանի եւ Արցախի հետ»։ «Եվ միայն այդ ժամանակ է, որ կարող ենք ասել, թե Հայաստանի կառավարությունը եթե ցանկանում է Սփյուռքի հետ կապվել` որտեղ է այդ կապը, այդ հասցեն որտեղ է, եւ ով կարող է իսկապես ներկայացնել Սփյուռքի կարծիքը եւ ոչ թե, ինչպես ունենք ներկայիս, ամեն մի կազմակերպություն կամ անհատ ինքնակոչ դարձել է Սփյուռքի ներկայացուցիչ կամ ղեկավար», - ընդգծեց Սասունյանը։ Ամերիկահայ գործիչը նաեւ առաջարկել է, որ քանի դեռ չկա այդ ընտրովի կառույցը, գործող պայմաններում տարբեր հանձնաժողովներ են գործում, ուստի այդպիսի մեկ մարմին լինի։ «Առաջարկեցի, որ չենք կարող յուրաքանչյուր հարցի շուրջ առանձին կենտրոնական մարմին ստեղծել. վաղը եթե, Աստված մի արասցե, մի բան պատահի Պարսկաստանում` կենտրոնական մարմինը Պարսկաստանի համար, հիմա Սիրիայի համար որոշ մարմիններ կան ... Ես առաջարկեցի, որ մի կենտրոնական մարմին ստեղծվի` այդ նույն մարդկանցից բաղկացած, եւ այդ կենտրոնական մարմինը զբաղվի զանազան համահայկական հարցերով, որպեսզի բազմաթիվ մարմիններ չլինեն նմանատիպ հարցերով զբաղվելու համար», - ասաց Հարութ Սասունյանը։ Հրաչ Մելքումյան, "Azatutyun.am"
|