АРМИНФОЦЕНТР: 1- Հէնց վերջերս էր համացանցի «armenians
world.com»-ի կայքէջում յայտնւել «Պահանջում եմ Հայաստանի կառավարութիւնից» մի հայորդու հաղորդագրութիւնը, որով նա պահանջում էր Հայաստանի կառավարութիւնից Ամերիկայի բանտից Հայաստան տեղափոխել հայ ազգային հերոս Համբիկ Սասունեանին եւ ազատութիւն շնորհել նրան...
«1915 թւականի մեր պապերի վրէժը լուծելու մեղադրանքով մինչեւ այսօր (1983 թ.-ից, խմբ.) նստած է բանտում: Հայատանի կառավարութիւն, ազատիր բանտից Համբիկ Սասունեանին».- ահա, սրանով էր աւարտել մեր հայորդին իր համացանցային գրառումը...:
2- Թէ որքանով կընդառաջւի հայորդու պահանջը ՀՀ կառավարութեան կողմից կամ թէ՝ առհասարակ վերջինս ինչքանով է տեղեակ դրանից, պարզ չէ ամենեւին, սակայն, երեւոյթը, այն էլ «ռամիլսաֆարովեան» հետքերին զուգահեռ, ունեցաւ իր հասարակական հնչեղութիւնը այնուամենայնիւ (Քաւ լիցի, առանց որեւիցէ համեմատութեան եզրերի՝ ազգի նւիրեալ Համբիկի եւ այդ մարդակեր ստահակի միջեւ)...:
3- Դարձեալ վերջերս էր, որ հրապարակւեց ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի յայտարարութիւնը, որով պարզւում էր, որ վերջինս ԱՄՆ նախագահական ընտրութիւնների թեկնածուներին՝ ո՛չ դեմոկրատ Օբամային, եւ ո՛չ էլ հանրապետական Ռոմնիին չի սատարելու..., քանզի նրանք «չեն վաստակել հայ համայնքի աջակցական վստահութիւնը»:
4- Եւ իրաւամբ չեն վաստակել, քանի որ դեռ իրենց նախորդող վարչախմբերի եւ իշխանութիւնների նման ոչ միայն ամերիկահայերին, այլեւ Հայաստանին ու ողջ հայութեանն յուզող խնդիրներին վերաբերող արտաքին քաղաքականութեան հարցում «շարժւել են Թուրքիայի ու Ադրբեջանի թելադրանքով»...
5- Ահաւասիկ, այստեղ է, որ կարելի է կրկին պահանջ ներկայացնել ՀՀ կառավարութեանը, որպէսզի դիրքորոշւի յաւուր պատշաճի, յատկապէս երբ տեղի ու անտեղի՝ ԱՄՆ իրարայաջորդ դեսպաններն իրենց թոյլ են տալիս քիթ խոթել ՀՀ ներքին, ընդորում՝ մինչեւ իսկ երկրի խոհանոցային հարցերում...:
6- Եւ վերջապէս, մօտ երեք տասնամեակ է, ինչ ԱՄՆ իշխանութիւնները Համբիկ Սասունեանի հետ միասին կապանքի տակ են պահում նոյնինքն Հայ Դատի արդարացիութիւնը՝ կամայ թէ ակամայ ապացուցելով, որ նաեւ ու մանաւանդ չեն վաստակել իրենց իսկ «նահապետ պրեզիդենտ» Վուդրօ Վիլսոնի ո՛չ քաջութիւնը, եւ ո՛չ էլ առաւել եւս՝ արդարամտութիւնը...:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ - «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ Աղբյուրը: "7or.am"
|