Մենք, որպես նորագույն զինյալ ազգային ազատագրական պայքարի եւ ազգային պետական ինքնապաշտպանության ծրագրի հետեւորդներ՝ մշտապես ընդգծել ենք «Ոճիր եւ պատիժ» սահմանման բովանդակային հատուկ հենքն ու սկզբունքային նշանակությունը: Եվ ազգայնամոլ մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեպքում էլ համոզված ենք, որ դրանք անվրեպ են գործելու:
Ոճրագործին տարհանձնելու միջոցով ազատ արձակելու Ադրբեջան Հունգարիա այս աննախադեպ գործարքը մի շարք հարցեր է ծնում, որոնցից մեկը գործարքի հետապնդած նպատակն է: Լավ է, որ տարածաշրջանային նոր լարվածություն ստեղծելու այդ փորձը, նպատակը լիովին բացահայտվեց հայկական լրատվամիջոցներում, որի մի փայլուն օրինակն էլ Արկադի Տեր – Թադեւոսյանի տված վերջին հարցազրույցն է: Այնուհանդերձ շատ հարցեր մնում են: Այստեղից էլ հաջորդ հարցն է ծագում: ՆԱՏՕ-ն համագործակցում է եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի հետ, բայց որո՞նք են նրա համար առաջնահերթությունները. կազմը ամեն գնով համալրե՞լը, նույնիսկ ոճրագործ, այլատյաց մարդասպաններո՞վ, թե՞ այնուհանդերձ անվտանգության ու խաղաղության հարցերով մտահոգ զինվորականներով: Եվ ո՞վ է, որ պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից, Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը: 1983 թվականին Ջոն Կիրակոսյանը «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գրքում գրում էր. «1982 թ. մարտի 15-ին Ստամբուլի Շիշլիի գերեզմանատան «Ազատության բլուրի վրա» նշվեց Թալեաթի սպանության 61 տարին: Նորից ծաղկեպսակներ զինված ուժերի հրամանատարությունից, Ստամբուլի կուսակալությունից, քաղաքապետարանից… ճառեր, հարգանքի համազարկ: Ներկա էր զորավար Քեմալ Յուքսելը: Իսկ այդ պահին Թուրքիայի բանտերում 81 հազար 346 բանտարկյալ կար»: Այստեղ եւս Ադրբեջան Թուրքիա զուգահեռներն ապշեցուցիչ են: Հանդինգթոնը հաստատ սխալվել է: Նա բարձրաձայնելու էր ոչ թե քաղաքակրթությունների բախման մասին թեզը, այլ ժամանակակից աշխարհում անտի – քաղաքակրթական կողմնորոշումներին ու դրանց համահունչ գործողություններին լծված ագրեսիվ պետությունների ու կազմավորումների կողմից քաղաքակիրթ աշխարհին ուղղված միանգամայն իրական սպառնալիքը: Եվ այդ ամենը հակառակ գրված ու չգրված ներքին ու միջպետական օրենքների ու, տակավին, հազարամյա վաղեմության պատվիրանների: Առաջին հարցը, որ ծագում է՝ այն է, թե այդ ինչպե՞ս պատահեց, ի՞նչ հնարքով, որ ՆԱՏՕ-ի ձեւաչափում տեղի ունեցած ռազմական հանցագործությունը քննության առնվեց Հունգարիայի քաղաքացիական գործերով ատյանում: Այժմ մի՞թե զարմանալի է, որ ոճրագործ մարդասպան սպային Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու փաստը լռության մատնվեց ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից: Փաստորեն ՆԱՏՕ-ի ղեկավարությունը երկու դեպքում էլ գերադասեց մնալ վարագույրի ետեւում, մնալ աննկատ, լավագույն դեպքում փորձեց հավասարության նշան դնել զոհի ու ոճրագործի միջեւ ու մեծահոգաբար կողմերին զսպվածության կոչել:
Հարցը միանշանակ հստակ չէ նաեւ Եվրոմիության հետ անդամակցության խնդիրներում, որտեղ Եվրոմիության ղեկավարությունը նույնպես գերադասեց սկզբում լռել, ապա կողմերին զսպվածության կոչել: Հետաքրքիր է. եթե միջազգային եւ միջպետական հարաբերությունների հարցերում Եվրոմիության եւ Ադրբեջանի պատկերացումներն համընկնում են, ապա ի՞նչ են անում Արեւելյան գործընկերության ծրագրում Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Բելոռուսն ու Ուկրաինան: Եթե չեն համընկնում, ապա ի՞նչ է անում այնտեղ Ադրբեջանը: Ստացվում է, որ մի կողմից Եվրոմիությունը, մյուս կողմից՝ նշված պետություններից յուրաքանչյուրն առանձին-առանձին խնդիր ունեն հստակեցնելու իրենց պատկերացումները այս գործընթացի նպատակների եւ հեռանկարների վերաբերյալ: Այդպիսի խնդիր չունի Ադրբեջանը, որովհետեւ բազմիցս հաստատել է իր անտի – քաղաքակրթական բովանդակությունը եւ հիմա էլ մարզվում է ՀԱՀԳԲ-ի անունից կեղծ հայտարարություններ գրելու ու տարածելու մարզում: Երրորդ հարցը Թուրքիայի Եվրոմիության անդամակցության հարցն է: Այստեղ եւս լուրջ խնդիրներ կան: Բանն այն է, որ Եվրոմիության կողմից Թուրքիայի առջեւ դրված պարտավորություններում ընդգրկված չէ Հայերի ցեղասպանությունը ճանաչելու նախապայմանը: Այս հարցը Եվրոպառլամենտը ձեւակերպել 1987-ի «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի դրույթներում, որտեղ մի կողմից հաստատել է, որ 1915-17 թթ. Օսմանյան Թուրքիան պետականորեն իրականացրել է Հայերի ցեղասպանություն, մյուս կողմից՝ նշել, որ ներկայի Թուրքիան «քաղաքական, իրավական կամ նյութական» պարտավորություն չի կրում հայերի հանդեպ: Այս թնջուկը ինչպե՞ս լուծել: Եթե Հայկական հարցի լուծման այս տարբերակի վերաբերյալ Եվրոմիության եւ Թուրքիայի պատկերացումները համընկում են, ապա ի՞նչ է անում այնտեղ Հայաստանը: Եթե չեն համընկում, ապա ի՞նչ գործ ունի այնտեղ Թուրքիան: Չորրորդ խնդիրն Ադրբեջան Թուրքիա («Մեկ ազգ, երկու պետություն», ինչպես սիրում են կրկնել թուրք ղեկավարները) անտի – քաղաքակրթական համընկնումների ու զուգահեռների խնդիրն է, այդ թվում` ոճրագործ, այլատյաց մարդասպաններին ամեն գնով հերոսացնելու մարմա՞ջը, թե՞ ապագային միտված ծրագիրը: Այս հարցում ուղղակի ապշեցուցիչ են անտի – քաղաքակրթական համընկնումներն ու զուգահեռները, թեեւ տարբեր են տրամաչափերը: Թուրքիան փորձում է հերոսացնել Թալեաթին, Էնվերին, Ջեմալին եւ մյուս այլատյաց հանցագործներին, որոնցից շատերին, ի դեպ, հեռակա կարգով մահվան էր դատապարտել Կ. Պոլսի ռազմական ատյանը՝ Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ պետության քաղաքացիներին ծրագրված կերպով ոչնչացնելու մեղադրանքներով: Ադրբեջանը իր հերթին ձգտում է ոճրագործ այլատյացներ աճեցնել՝ փորձելով հերոսացնել նրանց:
Երբ 2009 թվականին կազմավորվում էր Եվրոմիությունը մենք անհանգստություն հայտնեցինք՝ նշելով, որ մի՞գուցե այդպիսով, Հին Հռոմի օրինակով, աշխարհում կստեղծվի մի նոր գերտերություն – ոստիկանապետություն, որն իր կամքը կթելադրի եւ՛ միության ներսում, եւ՛ դրանից դուրս: Երեք տարի է անցել եւ ներկայի Եվրոմիության, ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի եւ Եվրոմիության Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից, Եվրոմիության անդամակցության ձգտող Ադրբեջանի միջեւ ոճրագործ – այլատյացի ազատությանն հանգեցնող գործարքը գալիս է հաստատելու, որ մեր անհանգստությունները տեղին էին եւ որ առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն կատարվում են: Մեր դեպքում հարցի պատասխանը հստակ է: Հայաստանին պարտադրված ճանապարհը մեկն է եւ բարեբախտաբար ոչ ամենավատը, դա անկախության եւ ինքնիշխանության վերականգնման ճանապարհն է, որի միջոցով կտրվեն վերոհիշյալ բոլոր հարցերի բնականոն պատասխանները: Այդ ե՞րբ է եղել, որ Հայաստանը մասնակցել է աշխարհում տեղի ունեցող այլանդակություններին եւ անտի – քաղաքակակրթական գործընթացներին: Չէ որ՝ հենց այդ կողմնորոշումն է եղել հայության ու Հայաստանի հարատեւման գրավականը՝ այն դեպքում, երբ հզոր ու անպարտելի թվացող շատեր պարտադրված լքել են պատմության թատերաբեմը: Քաղաքակրթական զարգացման ուղիներում անկախությունն ու ինքնիշխանությունը այլընտրանք չունի: Վկա՝ Եվրոմիության հաշվին իրենց անկախությունից հրաժարված եւ լոկ իրենց ինքնիշխանությանն ապավինած Եվրոմիության անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հունգարիայի, ներկայի տխուր վիճակը: «Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
«УХТ АРАРАТИ» (Обет Арарата) - общественная патриотическая организация бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»)
05. 09. 2012 թ.
|