АРМИНФОЦЕНТР: Յուլիսի կէսերին «Ազդակ» օրաթերթի հրաւէրով այցելեցի Լիբանան եւ
մօտ մէկ շաբաթ հնարաւորութիւն ունեցայ շփուելու լիբանանահայութեան ամենատարբեր շրջանակների հետ: Յատուկ եմ ընդգծում այս վերջին հանգամանքը, քանի որ էն գլխից ակնկալում էի, որ այդպէս էլ կը լինի, եւ ես առիթ կ՛ունենամ հանդիպելու ոչ միայն ՀՅԴ-կան եւ ՀՅԴ-ամէտ շրջանակների հետ: Ինչ խօսք, ՀՅԴ-ն ամենաազդեցիկ գործօնն է լիբանանահայութեան կեանքում եւ սփիւռքում ընդհանրապէս, յատկապէս` հայապահպանման գործում, բայց սփիւռքն իր էութեամբ, այդուհանդերձ, բազմատարր է: «Ազդակ»-ի խմբագրութիւնից ակնկալում էի նման վերաբերմունք այն պատճառով, որ քաջածանօթ եմ թերթի վարած քաղաքականութեանը` չմեկուսանալ, ընդլայնել լսարանը եւ համագործակցութեան եզրեր փնտռել լիբանանահայութեան բոլոր շրջանակների հետ, աւելի՛ն, այդպիսին լինել նաեւ Հայաստանում եւ ամբողջ սփիւռքում: Այսօր արդէն, կարծում եմ, կարելի է փաստել, որ թերթը դարձել է համահայկական տեղեկատուական դաշտի ամենաառանցքային դերակատարներից մէկը: Ինչ որ է, Պէյրութից բերած իմ հիմնական եզրայանգումը, իմ բերած պատգամն այն էր, որ Լիբանանում սկսուել է մի նոր գործընթաց` տարանջատումից դէպի փոխշահաւէտ հայանպաստ համագործակցութիւն: Բազմազանութիւն Եւ Առանցք Աշխարհասփիւռ հայութեան մասին խօսելիս յաճախ է շեշտւում այն հանգամանքը, որ մենք շատ տարբեր ու բազմազան ենք` տարանջատուած կրօնական եւ քաղաքական հայեացքներով: Գումարած դրան` լեզուի հանգամանքը: Սակայն իրականում մեզնից է կախուած` մեր բազմազանութիւնը մեր թերութի՞ւնն է, թէ՞ առաւելութիւնը: Նայած թէ հարցին ինչպէս ես մօտենում եւ ինչ նպատակներով ու մղումներով: Բազմազանութեան մասին խօսողներից ոմանք դա որպէս թերութիւն են ընկալում` յընթացս պնդելով միասնականութեան անհրաժեշտութեան մասին: Սակայն միասնականութիւնը շատերի ընկալմամբ բոլորին մի տանիքի տակ հաւաքել է նշանակում, ինչը շատուշատ վտանգաւոր միտում է: Միակամ ու միասնական լինելու մասին իշխանութիւնների կողմից մերթ ընդ մերթ հնչող յայտարարութիւնների իմաստը երբեմն կարելի է ընկալել որպէս կոչ` «միասնաբար ծառայէք մեզ»: Իսկ ինչի՞ շուրջ միասնական լինենք: Նախ պիտի քննարկման դրուեն հայութեան ճակատագրին առնչուող գաղափարները, միասին ընտրենք ամենաիրատեսականն ու հայանպաստը եւ ապա միայն միասնական լծուենք դրա իրականացմանը: Առանց սրա` բոլորին մի տանիքի տակ հաւաքելն ուղղակի ինքնամեկուսացում ու ինքնաչէզոքացում է: Համոզուած եմ` մեզ տարանջատում է ոչ թէ մեր լեզուն, այլ` մեր մտքերը: Մեզ տարանջատում են ոչ թէ մեր կրօնական ու քաղաքական հայեացքները, այլ` հայութեան առջեւ ծառացած խնդիրների մեր տարբեր տեսլականները եւ ընդհանուր տեսլականի բացակայութիւնը: Ուրեմն կերտենք մեր ընդհանուր տեսլականը եւ յստակեցնենք մեր բոլորիս տեղն ու դերը դրա իրականացման գործում, գործ, որում բոլորս էլ մեր առանձին անելիքն ունենք, եւ որում մեր բազմազանութիւնն ուղղակի ամենաարդիւնաւէտ գործիքն է: Ուստի ամենեւին էլ կարիք չկայ բոլորին մի տանիքի տակ ժողովելու, եւ ոչ մի ուժ (քաղաքական, կրօնական եւ այլն) իրենով պիտի չամփոփի համայն հայութիւնը: Միով բանիւ` խօսքն այն առանցքի մասին է, որ կարող է իմաստաւորել մեր բազմազանութիւնը եւ այն դարձնել մեր յաղթաթուղթը: Բանաձեւ կամ մոտել հնարելու կարիք չկայ, այն վաղուց է տուել Ներսէս Շնորհալին` գլխաւորում` միասնութիւն, երկրորդայինում` բազմակարծութիւն եւ ամէն ինչում` սէր: Նախեւառաջ` Քննարկման Համահայկական Հարթակ Մեր բազմազանութիւնն աւելի արդիւնաւէտ դարձնող առանցքն ինքն ըստ ինքեան չի յայտնուի, դրա համար առաջին հերթին պիտի լուծել հայութեանը յուզող խնդիրները եռամիասնաբար քննարկելու արդիւնաւէտ հարթակների ստեղծման հարցը: Քանիցս խօսուել է համահայկական տեղեկատուական դաշտի ստեղծման անհրաժեշտութեան մասին, եղել են համապատասխան հաւաքներ, սակայն, ըստ իս, դրանք անյաջողութեան են մատնուել դարձեալ «մի տանիքի» հոգեբանութեամբ հարցին մօտենալու պատճառով: Ըստ երեւոյթին, հսկայածաւալ ու համապարփակ նախաձեռնութիւններով դժուար թէ յաջողուի արդիւնաւէտ մոտել գտնել: Հաւանաբար առանձին ամենատարբեր հարթակների ձեւաւորման հիման վրայ հնարաւոր կը լինի դրանք դիտարկել համահայկական տեղեկատուական դաշտի համաթեքսթում, ուստի հարկ է խրախուսել նշեալ դաշտում բանավիճային հարթակի ստեղծման ամէն մի խելամիտ նախաձեռնութիւն: Իսկ որ նման հարթակները կարեւոր են` անվիճելի է: Ինչպէս ղարաբաղեան շարժման առաջամարտիկներից մէկն է ասում` «պարզուեց, որ թշնամու վրայ միասնաբար կրակելն աւելի հեշտ է, քան` հայրենիքի ճակատագիրը միասին քննարկելը»: Մինչդեռ ներհայկական երկխօսութիւնն ամենակարեւորն է, եւ նման երկխօսութեան յաջող փորձով ամրապնդուած միայն կարող ենք գնալ հայ-թուրքական, հայ-ազրպէյճանական եւ այլ երկխօսութիւնների: Իսկ ներհայկական երկխօսութիւն չկայ թէ՛ համահայկական կտրուածքով եւ թէ՛ եռամիասնութեան առանձին օղակներում: Սրա վառ ապացոյցը հայ-թուրքական մերձեցման ոչ վաղեմի փորձն էր, երբ Հայաստանի իշխանութիւնը գնաց այդ երկխօսութեան` առանց հաշուի առնելու սփիւռքի եւ սեփական հանրութեան կարծիքը: Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակի կապակցութեամբ ստեղծուած յանձնաժողովները նմանատիպ մի հարթակ են` մէկ որոշակի խնդրի քննարկման համար: Ուրախալի է, որ լիբանանեան յանձնաժողովում ընդգրկուել են տեղի բոլոր հիմնական դերակատարները` երեք համահայկական կուսակցութիւնները, երեք կրօնական ուղղութիւնները եւ բարեգործականը: Մնում է, որ այս յաջողուող մոտելն աշխատի ամէնուր: Սակայն, ինչպէս կաթողիկէ հայոց Ներսէս Պետրոս ԺԹ. պատրիարքն է ասում. «Մենք դա կարող ենք անել ոչ միայն անցեալի վէրքերը բուժելու, այլ նաեւ մեր ապագային միտուած հարցերում»: Սփիւռքը Կարող Է, Իրաւունք Ունի Եւ Պարտաւոր Է Լիբանան տարած իմ հիմնական գաղափարը կամ պատգամը հետեւեալն էր` սփիւռքը կարող է, իրաւունք ունի եւ պարտաւոր է պահանջատէր լինել նաեւ հայրենիքի հանդէպ: Ոչ ոք կասկածի տակ չի դնում այն ահռելի օգնութիւնը, որ սփիւռքը ցուցաբերել է երկու հայկական պետականութիւններին` ֆինանսական, մարդկային, բարոյահոգեբանական եւ այլն: Բայց նաեւ գաղտնիք չէ, որ գնալով նուազում է սփիւռքահայութեան խանդավառութիւնը հայրենիքի հանդէպ ու դրանով պայմանաւորուած` նրա առարկայական մասնակցութիւնը երկու հայկական պետականութիւնների զարգացման գործին: Եւ սրա հիմնական մեղաւորները, իմ խորին համոզմամբ, երկու հայկական պետութիւնների իշխանութիւններն են, որոնք շարունակում են սփիւռքը դիտել որպէս ֆինանսական աղբիւր եւ այդ իսկ պատճառով ցայսօր չեն մշակել զարգացման համահայկական մոտել ու չեն կարողացել այդ գործում ներգրաւել համայն հայութեանը: Աւելի՛ն. չեն կարողացել պատշաճ վստահութիւն ստեղծել իրենց նկատմամբ: Սակայն, ըստ իս, մեղքի իր բաժինն ունի նաեւ սփիւռքահայութիւնը, որն իր հերթին ցայսօր չի մշակել հայկական պետականութիւններին աջակցելու յստակ ռազմավարութիւն ու մեքանիզմներ եւ շարունակում է խարխափել զանազան բարդոյթների ու կարծրատիպերի մէջ: Սփիւռքահայերը եզակի բացառութեամբ գերադասում են որեւէ գումար նուիրաբերել ու գլուխներն ազատել դրանց արդիւնաւէտ օգտագործումը վերահսկելու ու երկրի կեանքին գործուն մասնակցելու գլխացաւանքից: Սփիւռքահայութիւնն, ըստ իս, մի պարզ ճշմարտութիւն պիտի հասկանայ: Այն, որ իր տրամադրած գումարները եւ իր աջակցութիւնը կարող են իմաստաւորուել միայն այն դէպքում, եթէ Հայաստանում ու Արցախում կայանայ իրապէս ժողովրդավարական երկիր ու քաղաքացիական հասարակութիւն, ուր կ՛ապահովուի հասարակութեան վերահսկողութիւնը իշխանութիւնների գործունէութեան նկատմամբ եւ ուր իշխանութիւնները պատասխանատու կը լինեն իրենց իւրաքանչիւր քայլի համար: Այլապէս Հայաստանն ու Արցախը կը նմանուեն դանայեան տակառի, որը երբեք չի լցուի: Հայրենիքի հանդէպ սփիւռքի պահանջատիրութեան մասին առիթ եմ ունեցել խօսելու ամենատարբեր մարդկանց հետ: Ու ամէնուր կարծես թէ կայ փոխըմբռնում: Ամենալաւն ասել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսը` «մենք իրաւունք ունենք տեսնել մեր երազած հայրենիքի պատկերը»: Այո, սփիւռքը կարող է, իրաւունք ունի եւ պարտաւորի մասնակցել հայրենիքի կայացմանն ու զարգացմանը, ամենատարբեր մասնակցութիւն ունենալ հանրային կեանքի բոլոր ոլորտներում: Ոչ թէ օգնել, այլ մասնակցել` ունենալով իր յստակ իրաւունքներն ու պարտականութիւնները: Դրամահաւաքի Փոխարէն` Գաղափարահաւաք Ցաւօք սրտի, երբ Արցախում խօսում են եռամիասնութեան մասին, նկատի ունեն հետեւեալը` եռամիասնութիւն` յանուն Արցախի: Հայաստանում` եռամիասնութիւն` յանուն Հայաստանի: Իսկ եռամիասնութիւն` յանուն սփիւռքի՞: Որեւիցէ մէկը մտածո՞ւմ է այս մասին: Իսկ Արցախն ու Հայաստանը տալու ոչինչ չունե՞ն սփիւռքին: Չէ՞ որ եռամիասնութիւնը միակողմանի երթեւեկութեան փողոց չէ: Բայց սա մետալի մի երեսն է միայն: Միւս երեսն էլ բարւոք չէ: Իսկ ի՞նչ ենք ակնկալում սփիւռքից: Փողից բացի ուրիշ բան ակնկալո՞ւմ ենք: Գոնէ հասկանո՞ւմ ենք, թէ դրանով որքան ենք վիրաւորում մեր սփիւռքահայ եղբայրներին ու քոյրերին: Համահայկական համաժողովներից մէկի ժամանակ, երբ խօսւում էր անելիքների մասին եւ հրատապ խնդիրներ էին բարձրացւում, Հայաստանի նախկին նախագահներից մէկն ասել էր` ներդրում, ներդրում եւ նորից ներդրում: Ի պատասխան հնչել է` վստահութիւն, վստահութիւն եւ նորից վստահութիւն: Բայց մէկ այլ հարց էլ կայ` ի՞նչ ենք հասկանում ներդրում ասելով, միայն փո՞ղ: Ուրիշ ներդրում մեր մտքով չի՞ անցնում: Մեր իշխանաւորներից մէկին ժամանակին մի հարց էի տուել` դուք կ՛ուզէիք, որ Տարօն Աճեմօղլուն (բնականաբար` նախեւառաջ տեղեկացրի, որ նա համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագէտ է, որին վաղուց է ուզում իր ճանկը գցել Թուրքիան) ձեզ հարիւր տոլա՞ր տար, թէ՞ երեք խորհուրդ` տնտեսութիւնը զարգացնելու համար: Բնականաբար զրուցակցիս համար հարիւր տոլարն աւելի ընկալելի էր: Շատ աւելի դժուար ընկալելի էր այն, որ մեծ տնտեսագէտի տուած երեք խորհրդով մեր տնտեսութիւնը կարող է հարիւր միլիոն տոլարի շահ ունենալ: Ինչ որ է, Հայաստանի եւ ԼՂՀ իշխանութիւնները պիտի հասկանան, որ սփիւռքը մի հսկայական ու բազմազան գանձ է եւ առաջին հերթին` ոչ նիւթական, այլ` մտաւոր: Մեր հայկական համայնքները գործում են ամենատարբեր երկրներում, ամենատարբեր համակարգերի ու վարչակարգերի պայմաններում գործունէութեան կենսունակ փորձառութիւն ունեն, ինչը մեզ օդի պէս անհրաժեշտ է ու որոշակիօրէն ցանկացած գումարից շատուշատ աւելի թանկ: Մենք նրանց միջոցով ինքներս կարող ենք միջնորդ լինել ամբողջ աշխարհում ամենատարբեր հարցեր լուծելու գործում եւ դրանով իսկ բարձրացնել մեր կշիռն ու վարկն աշխարհում: Վերջապէս, մենք հարիւրաւոր լուսաւոր գլուխներ ունենք, որոնց մտքերն ու գաղափարները պահանջուած չեն: Այնպէս որ, մի տարի էլ եկէք մեր դանայեան տակառը չվերցնենք ու դրամահաւաքի գնանք, այլ գաղափարահաւաք անցկացնենք եւ եռամիասնաբար քննարկենք մեր հայրենիքի ճակատագիրը: «Արմաւիա»-ն` Ընդդէմ Եռամիասնութեան Հայկական երկու պետականութիւնները պիտի համահայկական խնդիրներին գործնական կերպով արձագանգելու եւ սփիւռքի այս կամ այն օճախին յուզող խնդիրներին լուծում տալու կամ նպաստելու կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ ծրագրեր ունենան: Որ այդպիսին չունենք` վկայում է սուրիահայերի նկատմամբ իշխանութիւնների վերաբերմունքը, որն ուղղակի ամօթ է: Չկային ոչ միայն նախապատրաստուած միջոցներ, այլեւ, մեծ հաշուով, դրանք անելու ցանկութիւն էլ չկար: Սակայն սա ծայրայեղ պայմաններում էր, մինչդեռ ամէնօրեայ խնդիրներ ու հոգսեր կան սփիւռքում, որոնց նկատմամբ հայրենիքը պարզապէս չի կարող ու անտարբեր պիտի չլինի: Բարձրագոչ խօսքեր ենք ասում եռամիասնութեան, հայրենիքը ճանաչելու մասին, «Արի տուն» ծրագիր ենք հռչակում ու մեր սփիւռքահայ եղբայրներին ու քոյրերին տալիս… «Արմաւիա»-ի ձեռքը: Երեւան-Պէյրութ-Երեւան չուերթն այնքան թանկ է, որ մարդկանց ուղղակի շոքի մէջ է գցում: Այն էլ` շաբաթը ընդամէնը մի անգամ: Շատերը գերադասում են Տուպայով երթուղին, որովհետեւ այն անհամեմատ էժան է, բայց` անհամեմատ ծանր, քանի որ երկու անգամ երկարացնում է ճանապարհը: Տրամաբանական հարց է ծագում` ինչպէ՞ս կարող է երկու անգամ երկար ճանապարհն անհամեմատ էժան լինել: Պատասխանը մէկն է` «Արմաւիա»-ն մենաշնորհ ունի եւ ինչ ուզում է` անում է: Բայց ինչպէ՞ս կարելի է գերշահոյթ հետապնդել սեփական ժողովրդի տառապանքների վրայ: Ու չէ՞ որ «Արմաւիա»-ն ազգային փոխադրողի կարգավիճակ ունի, եւ պետութիւնն էլ կարող է իր պայմանները թելադրել: Իսկ այն, ինչ արեց այդ օդանաւային ընկերութիւնը սուրիահայերի նկատմամբ` ուղղակի ամօթ է: Սուրիական տագնապի ժամանակ դադարեցրեց չուերթերը, ապա մի շարք բողոքներից յետոյ վերականգնեց այն, բայց` շատ աւելի թանկ, այն էլ` ոչ պարբերական ձեւով, այն էլ որոշակի պայմաններով` չվաճառելով միակողմանի տոմս: Իսկ ո՞ւր էր պետութիւնը: Մարտահրաւէրներ Եւ Հնարաւորութիւններ Համահայկական խնդիրների մասին խօսելիս մարդիկ սովորաբար զարմանում են պետութեան անտարբերութիւնից: Իրականում զարմանալի ոչինչ չկայ մեր այսօրուայ իրողութիւնների պարագայում: Դառը իրականութիւնը հետեւեալն է: Նոր ժամանակները նոր մարտահրաւէրներ են հայ ժողովրդի գլխին բերել, բայց նաեւ նոր հնարաւորութիւններ են բացել նրա առջեւ: Այս պարագայում իշխանութիւնը «աշխատանքի բաժանման» մի շատ վտանգաւոր ու աներեւակայելի տարբերակ է նախընտրել` հնարաւորութիւնները վերցրել է իրեն, իսկ մարտահրաւէրները թողել ժողովրդին: Դրութեան ողբերգազաւեշտն այն է, որ մարտահրաւէրներին դիմակայելու բոլոր լծակները հէնց իշխանութեան ձեռքում են մնացել: Թէ՛ Հայաստանում եւ թէ՛ Արցախում իշխանութիւնը դարձել է պետութիւն` պետութեան մէջ: Մի իսկական պետութիւն` իր առանձին պիւտճէով, իր առանձին դեսպանատներով, իր առանձին լրատուամիջոցներով եւ այլն: Պետութեան մէջ գտնուող պետութեան ու հանրութեան շահերն իրար ոչ միայն համահունչ չեն, այլեւ հակասում են, կայ շահերի բախում: Հէնց հանրութեան շահերն են աւելի մօտ համահայկական շահերին: Ահա թէ ինչո՛ւ նոյն` սուրիական տագնապի պայմաններում իշխանութիւնները սկզբում ոչինչ չէին ձեռնարկում եւ միայն հանրութեան մամլիչ ուժի տակ ստիպուած եղան ինչ-որ բան ձեռնարկել: Առակս զի՞նչ ցուցանէ: Մինչեւ չունենանք քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկիր, համահայկական հնչեղութեան հարցերը չեն լուծուի: Ահա թէ ինչո՛ւ քաղաքացիական շարժումները պիտի չվրիպեն սփիւռքի ուշադրութիւնից: Սփիւռք Եւ Արցախ Սփիւռքում վերջին տարիներին եթէ Հայաստանի նկատմամբ յաջողւում է յաղթահարել կարծրատիպերը եւ անաչառ պատկերացում կազմել նրա մասին` դրանից բխող հետեւանքներով, ապա Արցախի նկատմամբ վերաբերմունքում քիչ բան է փոխուել: Սփիւռքը կարծես կամայ թէ ակամայ խնայում է Արցախը ու լուրջ վերապահումներով է մօտենում նրա զարգացման չափանիշներին, չընկալելով, որ դրանով ամենեւին էլ չի նպաստում նրա իրական զարգացմանը: Արցախի մասին մի չգրուած օրէնքով հետեւեալ վերաբերմունքն է ձեւաւորուել` կա՛մ լաւը, կա՛մ ոչինչ: Սակայն այսպէս վերաբերւում են անցաւորներին, մահացածներին, իսկ Արցախը մոմիա կամ թոթեմ չէ, այլ` բաբախող սիրտ, կենդանի օրկանիզմ` իր ուժեղ ու թոյլ կողմերով, իր դիմադրականութեամբ ու իր արատներով: Ամէն ինչ կախուած է նրանից, թէ որպէս ինչ ենք դիտարկում Արցախը` որպէս անառողջ երեխա՞յ, թէ՞ որպէս առողջ ու զարգացող օրկանիզմ: Արցախի նկատմամբ մեղմ չափանիշներ կիրառելով ու հիւանդ երեխայի պէս խնամելով նրան` հասկանո՞ւմ ենք գոնէ, թէ ի՛նչ վնաս ենք տալիս մի նորանկախ երկրի, որը միջազգային ճանաչման խնդիր ունի, իսկ ճանաչման չափանիշները ոչ մի առնչութիւն չունեն Արցախի նկատմամբ հայութեան չափանիշների հետ: Այնպէս որ, շատ աւելի խելամիտ կը լինի ամենայն խստութեամբ ու պահանջկոտութեամբ վերաբերուել նաեւ Արցախի զարգացմանը: Արցախը յաջողութեան կարող է հասնել միայն մի պարագայում` եթէ նորանկախ երկրի արցախեան փորձը յաջող նախագիծ լինի, իսկ այս գործում անելիք ունենք բոլորս: Օդի պէս անհրաժեշտ է, որ սփիւռքն աշխատի ոչ միայն իշխանութիւնների հետ, այլեւ` քաղաքացիական հասարակութեան հետ ու նպաստի երկրորդ բեւեռի ձեւաւորմանն Արցախում, որպէսզի ձեւաւորուեն փոխզսպման ու հաւասարակշռման գործուն մեքանիզմներ, կայանայ անկախ մամուլի հաստատութիւնը: ԼՂՀ չճանաչուածութեան պարագան բացասաբար է անդրադառնում քաղաքացիական հասարակութեան կայացման վրայ: Իշխանութիւնն առանձնապէս շահագրգռուած չէ դրանով, իսկ միջազգային կազմակերպութիւնների համար չճանաչուածութեան պարագան թապուի է վերածուել: Սակայն եթէ նոյնիսկ այս պայմաններում գտնւում են քաղաքացիական հասարակութեան ձեւաւորման, մարդու իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան ոլորտում համագործակցող միջազգային կազմակերպութիւններ, ապա մեր սփիւռքի համար այս ոլորտը էն գլխից մեռած է: Սփիւռքը նախապատուութիւնը տալիս է միայնումիայն բարեգործական ու ընկերային ծրագրերին եւ համագործակցում է միայն ու միայն իշխանութիւնների հետ: Սփիւռքն առայժմ հասու չի լինում այն պարզ ճշմարտութեանը, որ միայն ազատ ու արժանապատիւ կեանքով ապրող մարդիկ կարող են շէնացնել հայրենիքը: Եկեղեցին Անջատուել Է Պետութիւնից, Բայց Ոչ` Մարդկանց Հոգսերից Երբ խօսք է գնում եկեղեցու ընկերային առաքելութեան մասին, մեր եկեղեցականներն ասում են, որ իրենց առաքելութիւնը հոգու փրկութիւնն է: Մինչդեռ եկեղեցին անջատուել է պետութիւնից, բայց ոչ` մարդկանց առօրեայից ու նրանց հոգսերից: Իմ կարճ խելքով, երբ ասում ենք` մի քանի հոգի, կամ հինգ հոգի եւ այլն, ապա նկատի ունենք ոչ թէ թեւածող մարդկային հոգիները, այլ որոշակի մարդկանց` հոգով ու մարմնով: Այնպէս որ, եկեղեցին չի կարող, պարզամտօրէն ասած, իր տեսադաշտից դուրս թողնել մարդու մարմինը, նրա հոգսերն ու մտորումները: Եկեղեցին պիտի չինքնամեկուսանայ հանրային խնդիրներից: Այս թեմայով պատիւ ունեցայ զրուցելու Արամ Ա. կաթողիկոսի հետ: Նա, յղում անելով Սուրբ Գրքին, գտնում է, որ չի կարող մարմնի տաճարի անտեսման վրայ կառուցել հոգու տաճարը, եւ որ հոգին ու մարմինը միասնական են, ըստ այդմ էլ եկեղեցու գործառոյթներն են բազմաբնոյթ: Ինքը` վեհափառը, նաեւ հանրային կարկառուն դէմք է, վեհ ու փառաւոր մի անձնաւորութիւն, ում մասին զրոյցների կարող ես ականջալուր լինել ամէնուր: Նա մարդկանց առօրեայի ու մտորումների բաղկացուցիչ մասն է, բարոյական հեղինակութիւն` հանրութիւնում: Հանրութիւն-եկեղեցի յարաբերութիւնների նման մոտելը, կարծում եմ, նախընտրելի պիտի լինի: Սփիւռքի Գանձերը, Կամ` Տեսնեմ Պուրճ Համուտն Ու… Նոր Ապրեմ Սփիւռքը բազմաթիւ գանձեր ունի եւ ինքն էլ մի իւրօրինակ գանձ է համայն հայութեան համար: Հասկացողի ու իմացողի համար, ի հարկԷ: Այցելելով հայ կաթողիկէ Զմմառու վանային համալիրը ու տեսնելով այնտեղի գանձերը` թանգարանն ու ձեռագրատունը, հասկացայ, որ որպէս մտաւորական ես պարտաւոր էի գոնէ տեղեակ լինել այս մասին եւ յամօթ ինձ` խոստովանեցի անտեղեակութիւնս: Բայց երբ պատկերացնում ես, որ այդ գանձերին անտեղեակ է մեր մտաւորականութեան մեծ մասը, ողբերգազաւեշտն աւելի է ընդգծւում: Է՛լ աւելի է ընդգծւում, երբ իմանում ես, որ այդ գանձերը յաւուր պատշաճի ուսումնասիրուած չեն, աւելի՛ն, պահպանման խնդիր ունեն, խնդիր, որ չգիտես ինչու հայ հանրային մտքի օրակարգում չկայ: Բայց սփիւռքի գանձերը շատ են ու տարատեսակ: Մի իւրատեսակ գանձ է Պուրճ Համուտը` մի իսկական փոքրիկ Հայաստան` պետութեանը յատուկ յատկանիշներով մի զգալի մասի առկայութեամբ: Մէկ այլ Հայաստան է Լիբանանում գտնուող միակ հայկական գիւղը Սուրիայի սահմանին` Այնճարը, ուր մուսալեռցիների ժառանգներն են ապրում: Քսաներորդ դարասկզբի հայաւեր արհաւիրքի ժամանակ իրենց խիզախութիւնն ի ցոյց դրած եւ դրանով իսկ փրկուած այնճարցիները նոյնպիսի խիզախութեամբ արարում են խաղաղ ու կիսախաղաղ պայմաններում: Ու ստեղծել են մի իսկական դրախտավայր: Այս գանձի մէջ մէկ այլ գանձ էլ կայ` դրախտավայրում առկայ ինքնակազմակերպման փորձն ու մոտելը: Այսքան գանձ ունի միայն լիբանանահայութիւնը, իսկ երբ պատկերացնում ես, թէ ինչքան գանձեր ունի սփիւռքն ընդհանրապէս, ապա հասկանում ես, որ սա մի անզուգական ներուժ է, որ կարող է սարեր շուռ տալ: Մենք Կանգնած Ենք Փոփոխութիւնների Շեմին Մեր աչքի առաջ փոխւում է աշխարհը, եւ մենք քաջ հասկանում ենք, որ փոփոխութիւնները մեզ չեն շրջանցելու, առաւել եւս, որ մեր երկու հայկական պետականութիւնները մի տարածաշրջանում են, ուր բախւում են աշխարհիս ուժեղների շահերը, այսինքն արտաքին միջամտութեան վտանգը կայ: Այս պայմաններում մենք կարող ենք եւ պարտաւոր ենք փոխուել ու աշխարհի համար աւելի ընկալելի դառնալ` դրանով իսկ ապահովելով մեր անվտանգութիւնն ու ազատ ու ստեղծագործ աշխատանքով զբաղուելու մեր հնարաւորութիւնը: Դա կարող ենք եւ պարտաւոր ենք անել ներհայկական միջոցներով` մեր հայկական «դրսի» աջակցութեամբ` կանխելով իրական դրսի միջամտութիւնը: Դա կարող ենք անել եռամիասնաբար: Հայութիւնն այսօր կրկին պատրաստ է արհաւիրքի ու պատերազմի պայմաններում թիկունք կանգնել երկու հայկական պետականութիւններին: Այս առումով միանգամայն խորհրդանշական էր Այնճարում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղացիներից մէկի ասածը` «եթէ, Աստուած մի՛ արասցէ, նորից պատերազմ լինի, այնճարցիներս ձեր կողքին չենք լինելու… ձեր առջեւում ենք լինելու»: Բայց մենք այդպիսին պիտի լինենք նաեւ խաղաղ ժամանակներում, մենք կարող ենք եւ պարտաւոր ենք այդպիսին լինել նաեւ արարելիս: Սփիւռքի հետ իմ վերջին շփումները բերել են երկու եզրայանգման` - Սփիւռքն ապրում է հայրենիքով առաւել, քան երբեւէ - Սփիւռքն այսօր պատրաստ է հրաժարուելու կարծրատիպերից եւ լուրջ ու կառուցողական զրոյցի բռնուելու հայրենիքի ճակատագրի շուրջ: Իսկ սա նշանակում է, որ համազգային երկխօսութեան համար բարենպաստ հողն արդէն իսկ առկայ է: Ստեփանակերտ-Երեւան-Տուպայ-Պէյրութ-Տուպայ-Երեւան-Ստեփանակերտ
Lragir.am ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ: Aztagdaily.com
|