АРМИНФОЦЕНТР: Հուլիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Երաժշտական Հայաստան» ծրագրի մասնակիցներին: Ծրագիրն իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ կողմից Մայր Հայրենիքում սփյուռքահայ երիտասարդությանը հաղորդակից դարձնելու հայ մշակութային և երաժշտական ժառանգությանը:
Ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդ երաժիշտները, հայրենի երաժիշտների ու մասնագետների ղեկավարությամբ, հետևելու են վարպետության դասընթացների, ինչպես նաև ունկնդրելու են հայկական երաժշտարվեստի տարբեր ճյուղերի մասին դասախոսություններ:
ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ջերմ ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին, մասնավորապես նշեց, որ հայ ժողովուրդը դրսում կարողացել է պահպանել իր ինքնությունը` նախ և առաջ շնորհիվ մշակույթի: Նա միաժամանակ հորդորեց հաճախակի գալ Հայրենիք և մշտապես սնվել հարազատ ժողովրդի գեղարվեստական ակունքներից: