ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԵՆ
(Ֆիլմի սցենարի համառոտ նկարագրությունը և նպատակը)
Սցենարում գործողությունները ծավալվում են Արևմտյան Հայաստանի Խնուս գավառում, սկսած 1880 – ական թվականներից:
Այստեղ նկարագրվում են մի քանի հայ նահապետական տների և քրդական ցեղապետերի միջև տեղի ունեցած բախումները. դավադրություններ, վրեժխնդրություն` ուղեկցված սիրային, հերոսական ու հուզական տեսարաններով:
Ներկայացվում է, թե ինչպիսի անդրադարձ ունեցան Խնուս գավառի վրա 1895թ. Սասունի ապստամբությունն ու ջարդը, և 1908թ. սուլթան Աբդուլ Համիդի ընդունած սահմանադրությունը:
Սցենարն ավարտվում է 1915թ. Մեծ եղեռնով. նկարագրվում է, թե ինչպես ֆիլմի գլխավոր հերոսի` Դավթի ու նրա ընկերների կազմակերպած հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ գավառի 26.000 հայությունից փրկվում են 3.000 – ը:
Նպատակն է.
• Ներկայացնել պատմական բնօրրանում ապրած հայերի ավանդություններից ու սովորություններից որոշ դրվագներ (թաղում, հարսանիք, ատամհատիկ, տարազ և այլն):
• Լուսաբանել պատմական դերակատարություն ունեցած հայորդիների անուններն ու գործերը, որոնք բարոյականության, քաջության ու հայրենասիրության վառ արտահայտություն են, ուստի կարող են ուսուցողական նշանակություն ունենալ երիտասարդության համար:
• Արթնացնել կամ սթափ պահել Արևմտյան Հայաստանի մասին սերունդների պատմական հիշողությունը:
• Աշխարհին ցույց տալ, որ 1915թ. ողբերգական օրերին հայ ժողովուրդը ունեցել է նաև հերոսական պատումներ, բազեական ընդվզումներ, ճախրանքներ և հաղթանակներ:
• Իրականացնել պատմաճանաչողական քարոզչություն, որն օգտակար ներդրում կհանդիսանա Հայկական հարցի համար աշխարհում մղվող պայքարում:
‹‹Մենավոր բազեն›› ֆիլմի սցենարի հեղինակ,
‹‹Խնուս›› մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյան
(опубликовано в "Юсисапайл")