Սեփական տեսակետը, որպես հասարակական կարծիք ներկայացնելու խնդիրը ինքնին արդեն թերի է, ուստի եւ քննարկվող նյութի հիմքը պետք է դառնա իրավական այն գնահատականը, որը ժամանակին տրվել է ԱՍԱԼԱ-ի բացահայտված անդամների գործունեությանը` համաձայն դատական վճիռների: ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այդ դեպքում ինչ է քննարկվում, որեւէ մեկը կասկածի տակ է դնու՞մ դատական վճիռները կապված ԱՍԱԼԱ-ի բացահայտված եւ դատապարտված անդամների գործունեության հետ:
Հարց է առաջանում, ու՞մ է ձեռնատու նման խաղարկումը թե ներսում եւ թե դրսում, ինչո՞ւ հանկարծ կասկածի տակ են դրվում դատարանի կողմից կայացված վճիռները եւ քրեաիրավական գնահատականները:
Նյութին խորապես տիրապետող եվրոպական մասնագետները, այսինքն՝ հոգեբանները, իրավագետները, սոցիոլոգները, պատմաբանները, քաղաքագետները տվել են իրենց գնահատականները, իսկ դատարանը կայացրել է վճիռը, որտեղ շատ կոնկրետ ներկայացված է ԱՍԱԼԱ-ի օրենքը խախտած անդամների դեմ մեղադրանքը, տրված են ձեւակերպումներ՝ եւ քաղաքական գնահատականներ:
Իսկ ի՞նչ է ցանականում «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը, հավանաբար, ինքն էլ չգիտի, կամ բավարար չգիտի։ Նման եզրակացության հանգելու համար մեծ իմացություն պետք չէ, քանի որ հասկանալի է դառնում. Սուրենյանցը չի տիրապետում նյութին, ուստի եւ նրա մոտեցումը կարելի է համարել «պատահական» դիպված: Իսկ Գուրգեն Յանիկյան անունով անձի կողմից սպառնալի նամակ ուղարկելը անօգնական մարդուն հատուկ ստանդարտ պահվածք է:
Հայկական հ/ը-ներով նորվեգացի սադիստ մարդասպանին դրական քողի տակ ներկայացնելու եւ վերջինիս պաշտպանելու միտումը կապված է նվազագույն իմաստության բացակայության հետ: Ի գիտություն հայերեն խոսող եւ կարդացող, հայերեն մտածող եւ չմտածող անձանց, վերջին երկու հարյուր տարվա ընթացքում Եվրոպական իրականության մեջ բոլոր «Անկախության մանիֆեստները» կապված են Հայկական Հարցի հետ եւ այստեղ խնդիրը Թուրքիան չէ, Թուրքիան ածանցյալ է, այդպիսի ածանցյալ է նաեւ նորվեգացի դժբախտը:
Պարզվում է, «Մեր թշնամու թշնամին, մեր բարեկամն է» կարգախոսից Հռոմը, որպես անպիտան գործիքի՝ վաղուց հրաժարվել է։ Այդ ճանապարհին է Եվրոմիությունը, ուստի 21-րդ դարում խոսքը չի գնում` ո՞վ, ու՞մ ճակատագիրը կտնօրինի, այլ այն մասին, թե ե՞րբ է սուբյեկտը տնօրինելու իրավունքը, որպես լավագույն գործիքի «ճակատագրին» իր տեղը դնելու համար:
Շատ հետաքրքիր կարող էր լինել իմ կողմից ներկայացված դատական հայցը, օրինակ, Գերմանական դատարանում՝ ուղղված Սուրենյանցի դեմ, որը իհարկե ես չեմ անի, հիմնված նրա հետեւյալ մտքի վրա. «ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է»: Ես նման բան չեմ անի, միայն մեկ պատճառով. պարոն Սուրենյանցը կհայտնվի Գերմանական Ռեխտի, այսինքն՝ օրենքի մամլիչի տակ, իսկ ինձ համար, նույնիսկ քիչ հասկացող հայի կորուստը, նույնպես կորուստ է։ Ուստի եւ «Իմ թշնամու թշնամին, իմ բարեկամն է» կարգախոսը տանում է միայն քաղաքական արտաքնոց:
Սուրենյանցը կասկածի տակ է դնում գերմանական իրավունքը, որը Թեհլիրյանին անմեղ է ճանաչել։ Սա այն Գերմանիան է, որին մենք ճանաչում ենք, որպես Թուրքիայի բարեկամ եւ այլն... Գերմանական դատաիրավական համակարգը, եթե դատում է, ապա կիրառում է օրենքի ողջ ուժը։ Դժվար է ընկալել, բայց Կայզերական Գերմանիա - Թուրքիա խիստ համակարգված փոխհարաբերությունների այս հանգույցում, երբ հայտնվում է Թեհլիրյանը իր եզրափակիչ ակտով, գերմանական կողմը ընդունելով օրենքի գերակայությունը՝ ազատ է արձակում Թեհլիրյանին:
Ֆրանսիական դատաիրավական համակարգը դատապարտեց ԱՍԱԼԱ-ի բացահայտված անդամներին, «որպես հակաօրինական գործողություն իրականացնող մարդկանց, որոնց իրականացրած գործողության արդյունքում եղան մարդկային զոհեր» եւ պատժեց գործողության մասնակիցներին, ոչ թե այն բանի համար, որ նրանք գործողություն են իրականացրել, այլ այն բանի համար, որ իրենց գործողությունների արդյունքում կան մարդկային զոհեր, այսինքն՝ նրանք պատասխանատվություն կրեցին գործողության բացասական հետեւանքի համար, այլ ոչ թե բուն գործողության:
Հիմա մեկնաբանենք եւ բացահայտենք գերմանական եւ ֆրանսիական դատաիրավական մարմինների գործողությունները. Գերմանիան բացահայտեց, որ Թեհլիրյանի գործողության հետեւանքով տուժածներ չկան, իսկ Ֆրանսական դատաիրավական մարմինները բացահայտեցին, որ ԱՍԱԼԱ-ի գործողության արդյունքում կան մարդկային զոհեր, որի համար պատասխանատու են գործողություն իրականացնողները:
Հրանտ Դինքի սպանությունը իր հիմքում բացարձակապես կապված չէ ահաբեկչության կամ ազգային պատկանելիության խնդիրների հետ, դա մի գործողություն էր, որտեղ ճշտվում էր իրավունքի եւ անպատժելիության սահմանը Թուրքիայի եւ Եվրոպական, հատկապես, գերմանական իրավունքի միջեւ. հետեւությունները թողնում եմ ըստ կարողությունների: Սուրենյանցը սխալ է եզրահանգել, որ մի օր Թուրքիան ընդունելու է իր պատմության սեւ ու ամոթալի էջերի գոյությունը, ավելացնեմ՝ այդ իրողությունը երբեք տեղի չի ունենալու հայ-թուրքական երկխոսության դաշտում, հայ-թուրքական դաշտը միայն կարձանագրի փաստը:
Խմբագրված ներկայացնում եմ այս պարբերությունը «Ինձ համար զարհուրելի է, որ այսօր, իսկ ավելի ճիշտ՝ 2000-ականների սկզբին, երբ ամբողջ աշխարհն ու նաեւ Հայաստանը գոնե պաշտոնապես ընդգրկված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, Եռաբլուրում, Արցախն ազատագրելու համար զոհված հերոս տղաների շիրիմների հարեւանությամբ, չկա մի հուշաքար ԱՍԱԼԱ-ի զոհված կամ դատապարտված տղաների հիշատակին: Նրանց այս իրավունքը ամրագրված է գերմանական եւ ֆրանսիական դատարանների որոշումներում»:
ԱՍԱԼԱ-ն ահաբեկիչ չէ, հիմք ֆրանսիական դատական ատյանների որոշումները, Կցանկանայի նաեւ նշել ազգայնական թեւի համար, հայ ազգի բազկերակը ստուգվում է ռեխտի-օրենքների գիտակցվածության միջոցով: Ցավալին այն է, որ մարդկանց մի մեծ խումբ շարունակում է մնալ կարծրատիպերի գերին, օրենքի առաջ պատասխանատու են բոլորը, կռվի գերագույն գործիքը օրենքն է, որի ճիշտ օգտագործման ժամանակ պատասխանատուն դառնում է օրենքը, իսկ կատարողը դառնում է օրենքի գործիք:
Հայ հասարակությունը, ի վերջո, պետք է հասկանա՝ օրենքը գերակա է, եւ քրեորեն դատապարտելի է օրենքի թերի եւ սխալ շահարկումը: Պարոն Սուրենյանցը գործածում է՝ «խաղաղ բնակչության» տերմինը։ Պարզաբանեմ, իրավական հարաբերությունների մեջ խաղաղը նաեւ ենթադրում է՝ ոչ խաղաղ, այսինքն՝ հարաբերականություն, ուստի հարկ է գործածել բնակիչ, իսկ նրա խաղաղ կամ ոչ խաղաղ լինելը քրեաիրավական քննությունը կորոշի, իսկ որ ինքը չի մտահոգվում իրեն ուղղված սպառնալի նամակի համար, արդեն մտահոգիչ է, օրենքը պետք է լինի գերակա:
Արամ Մկրտչյան,
Գերմանիա
O4.08.2011թ.