АРМИНФОЦЕНТР:
Интервью председателя Национального Совета Западной Армении Арменака Абрамяна порталу 1in.am по поводу недавнего совещания оргкомитета под руководством К. Микаеляна в 9-ом квартале Парижа (на армянском языке)
"Արևմտահայերը՝ գործիք Ռուսաստանի, Թուրքիայի, նույնիսկ Ֆրանսիայի ձեռքին" Օրերս հաղորդագրություն ստացվեց, որ Փարիզի 9-րդ թաղամասում գտնվող Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնում տեղի է ունեցել Արևմտահայերի երրորդ միջազգային համագումարի կազմակերպչական հանձնախմբի խորհրդաժողովը: Այս կապակցությամբ «Առաջին լրատվականը» զրուցել է Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի հետ:
- Ինչպե՞ս եք գնահատում օրերս Փարիզի 9-րդ թաղամասում գտնվող Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած Արևմտահայերի երրորդ միջազգային համագումարի կազմակերպչական հանձնախմբի խորհրդաժողովը: - Այդ ժողովն ուղղակի կապ չունի մեզ հետ, դրանք առանձին կազմակերպություններ են, որոնք, անշուշտ, պիտի օգտագործեն մեր այսօրվա ծառայություններն իրենց որոշակի գործառույթները կազմակերպելու համար: Արևմտյան Հայաստանն այսօր ունի իր ազգային խորհուրդը, իր կառավարությունը, բավական տարբեր մեխանիզմներ իր աշխատանքները պատշաճ իրականացնելու համար: Եթե այդ ժողովի մասնակիցները ցանկություն ունենային, ապա կարող էին կապ ունենալ կառավարության և վարչապետի հետ՝ Արևմտյան Հայաստանի հայերի համար խորհուրդ բացելու գործում: - Կարո՞ղ ենք ասել, որ ստեղծվել է մի մարմին, որը գործում է Հայաստանի շահերից դուրս: - Այդ խումբը տեսնում է, որ մենք ՄԱԿ-ում կարևոր հարցեր ենք քննարկում, ուզում ենք Արևմտյան Հայաստանի հարցը նորից արժանացնել միջազգային հանրության ուշադրությանը: Իսկ ի՞նչ են անում նրանք. նրանց շահը մեր այսօրվա աշխատանքներին խանգարելն է, կազմակերպում են այլատեսակ ժողովներ, նույնիսկ հստակ ծրագիր ու օրակարգ էլ չունեն:
Արևմտյան Հայաստանի խնդիրը շատ լուրջ է, և ովքե՞ր են այդ գործին խանգարողները՝ հիմնական խանգարողը Թուրքիան է, նաև բոլոր այն պետությունները, որոնք մասնակի շահեր ունեն: Եթե այդ մի խումբ մարդիկ ժողով են անում Փարիզում՝ ասելով, որ իրենք միջնորդում են արևմտահայերի իրավունքները պաշտպանելու համար, ապա պետք է նկատի ունենալ, որ արևմտահայերը չեն կարող միջազգային ստատուս ունենալ, որովհետև անտարածք ժողովուրդ են: Մի խոսքով՝ վերացական են նրանց հայտարարությունները: - Չե՞ք կարծում, որ չեղած հայրենիքը ավելի թանկ գնահատելով եղածից, այդ խումբը արևմտահայերին ավելի է հեռացնում բուն Հայաստանից և վանում է այն առաջնահերթություններից, որոնք նկատվում են մեր երկրում: - Այդ մարմինը չի ունենալու այն ուժը, որ կարողանա խանգարել, ես վստահ եմ՝ սա մի փոքրիկ մարմին է՝ ժամանակավորապես խառնելու իրավիճակը: Չի ունենա այդ ուժը նաև այն պատճառով, որ ընդամենը մի քանի հոգի են: Այստեղ խնդիրն այն է, որ սկզբում իրենք սխալվեցին. Հայաստանն աշխարհի մեջ մի մեծ շրջան է, կա Կովկասը, կա Հայաստանը և կա Անատոլիան: Երբ Հայաստանի մասին ենք խոսում, պետք է նկատենք, որ այն շատ մեծ է ՀՀ-ից: Մենք պետք է միավորման կոչ անենք ամբողջ հայությանը, որ հայն այդ ամբողջ դաշտի վրա լինի ճանաչված: Պետք է գործին օժանդակել այդ կողմից, ոչ թե փոքրիկ ժողովներ ստեղծել, որոնք ազգային հարցեր լուծելու համար օգտակար չեն: - Ովքե՞ր են օժանդակում այդ խմբին, կա՞ն արդյոք դրսից ներգործող ուժեր: - Այդ ուժերը տարբեր պետություններ են, կարող է լինել Թուրքիան, Ռուսաստանը, կարող է լինել նույնիսկ Ֆրանսիան, որովհետև լավ գիտենք, որ Արևմտյան Հայաստանի վրայով նոր նավթի գիծ են ուզում անցկացնել: Բայց առանց մեր որոշման, համաձայնության իրավունք չունեն: Մենք մեր հայրենիքի տերն ենք, պետք է մեզ հետ հաշվի նստեն: Առաջիկայում մենք անպայման կպարզենք, թե ով է նրանց աջակցողը: - Փորձո՞ւմ եք որևէ կերպ խանգարել այդ խմբի գործողություններին կամ ցույց տալ դրանց անարդյունավետությունը:
- Նրանք երկար չեն կարող գործել, դաշտ չունեն՝ բացի քարոզչությունից ու ձևական գործողություններից, հնարավոր է՝ մի քանի հովանավորի պատճառով ստիպված են այդպիսի գործողություններ անել՝ ցույց տալու, որ տեղին են ծախսում իրենց միջոցները: Հիմա լուրջ վտանգ չեմ տեսնում: Պարզապես կարող եմ ասել, որ այդ մարդիկ, որ անունով հայ են, կարող էին լավ ծրագիր ունենալու դեպքում մեզ միանալ: Եթե չեն միանում, նշանակում է՝ ծառայում են ուրիշի համար:
|