ARMINFOCENTER: Предварительные итоги состоявшегося в Ереване и Степанакерте 8-го всеармянского Форума журналистов
Հոկտեմբերի 20-ին Երևանում մեկանարկեց Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը, որը կրում է «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագիրը: Այն կազմակերպել էր ՀՀ Սփյուռքի նախարարությունը Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի և Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների անկախության 25-ամյակին նվիրված համաժողովին այս տարի մասնակցում էին 140 լրագրողներ` աշխարհի 31 երկրներից:
Երկօրյա համաժողովի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ` համաժողովի նպատակը համահայկական տեղեկատվական դաշտի ընդլայնումն ու կատարելագործումն է, լրատվական ներուժի համախմբումը և արդյունավետ կիրառումը Հայաստանի զարգացման, ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում հայապահպանության, համահայկական հիմնախնդիրների լուծման գործընթացում:
«Երկու տարին մեկ անգամ անցկացվող այս համաժողովը գնալով ընդլայնում է իր աշխարհագրությունը և մասնակիցների թիվը: Այս համաժողովի կարևորագույն առանձնահատկություններից է 65 խմբագրությունների ղեկավարներ են մասնակցում մեր աշխատանքներին, երկրորդ առանձնահատկությունն այն է, որ ռադիոժամերի, հեռուստաժամերի և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչները ևս մեծաթիվ են»,- ասաց նա` հավելելով, որ «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով փորձում են համահայկական ցանցն առավել ընդլայնել ու մեծացնել:
Հ. Հակոբյանը ընթերցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օհնության խոսքը:
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ընթացքում քննարկվեցին են ՀՀ պետականաշինության գործում Սփյուռքի ներուժի ներգրավման, ճգնաժամային պայմաններում համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերի ու լրատվամիջոցների համագործակցության ուղիների, հեռանկարների, տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրները և այլ հարցեր:
Առաջին նիստի ընթացքում զկույցներով հանդես եկան «Նոյյան Տապան» մեդիա հոլդինգի տնօրեն Տիգրան Հայաստանը, Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի թղթակից Աննա Կարապետյանը, «Արմենպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Մինչ երկրորդ նիստի մեկնարկը, 4-րդ իշխանության ներկայացուցիչներին ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուրադ Նալբանդյանը:
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և սփյուռքյան կառույցների համագործակցության ուղիներին անդրադարձան երկրորդ նիստի զեկուցավարները: Վերջիններիս թվում էին «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը, Ռուսաստանում գործող «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից Սաիդա Օհանյանը, Լիբանանում գործունեություն ծավալող լրագրող-հրապարակախոս Հակոբ Բալյան, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը:
Նիստի ավարտին սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպեց նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովն իր աշխատանքային երկրորդ օրն սկսեց մասնակիցների` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր կատարած այցելությունից: քննարկելու են Սփյուռքի ներուժի ներգրավման հարցը ՀՀ պետականաշինության գործում:
Զեկույցներով հանդես եկան Կանադայում գործող «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, Ռուսաստանում` «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը, Իրանում` «Համայնք» լրատվական ցանցի պատասխանատու Ռուբիկ Սարդարյանը, Լիբանանում` «Ազդակ» օրաթերթի թղթակից Տոնիկ Տոնապետյանը, Ֆրանսիայում գործող «Լուսավոր Ավետիս» էլեկտրոնային կայքի Հիմնադիրների խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանը, «Հունաստանում` «Նոր Աշխարհ» թերթի խմբագիր Զավեն Գրիգորյանը:
Բանախոսներն իրենց զեկույցներում անդրադարձան «Սփյուռքի ուծացման և ձուլման հոլովոյթը», «Հայկական պարբերական մամուլի դերը օտար միջավայրում ազգային և մշակութային արժեքների պահպանման գործում», «Պետություն հասկացողությունը, սփյուռքի պոտենցիալ ուժի օգտագործման հնարավորությունը և առաջարկներ այդ ներուժի օգտագործման մեխանիզմների կապակցությամբ», «Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում», «Հայաստան-Սփյուռք-Արցախ` 25-ամյա համագործակցության համագումարները հետագա անելիքները` Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում», «Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ. Հայրենի հող, Հայրենիքը և Պետականությունը» թեմաներին:
Համաժողովի 3-րդ նիստն ամփոփվեց արտակարգ իրավիճակներում տեղեկատվական անվտանգության խնդիրներին նվիրված ինտերակտիվ քննարկմամբ, որին մասնակցում էին փորձագետներ Արման Սաղաթելյանը, Սամվել Մարտիրոսյանը, Կարեն Վրթանեսյանը, Միքայել Յալանուզյանը և Անժելա Էլիբեկովնան:
Լրագրողների համայակական երկօրյա համաժողովը հոկտեմբերի 23-24-ն իր աշխատանքները շարունակեց նաև Արցախում:
Սփյուռքահայ և տեղական լրավտամիջոցների խմբագիրներն Արցախ ժամանելիս առաջինը հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպման ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան իրենց հուզող բոլոր հարցերը կապված տեղեկատվական ոլորտի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականության հետ ուղղել Բ. Սահակյանին:
Հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտում անցկացվող համաժողովի 5-րդ նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձան Հայկական սփյուռքի զորակցությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում:
Քննարկեցին նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում։ Զեկույցներով հանդես եկան ԱՄՆ-ն ներկայացնող լրագրող Արմեն Հարեյանը, «Արցախպրեսս» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, Լիբանանում գործող «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը:
Համաժողովի փակումից և արդյունքների ամփոփումից հետո սփյուռքահայ լրագրողները բացառիկ հնարավորություն ունեցան լինել առաջին գծում, տեսնել զինվորների առօրյան, շփվել նրանց հետ և անցկացնել հարցազրույցներ: Այնուհետև նրանք Տիգրանակերտում հանդիպեցին ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հետ, իսկ երեկոյան մասնակցեցին ԼՂՀ նախագահի կողմից տրված հանդիսավոր ընթրիքին:
Հայաստան վերադառնալուն պես սփյուռքահայ լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ողջույնի խոսքից հետո, նախագահն առաջարկել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձևաչափով, որպեսզի հնարավորություն ունենա պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Վերջիններիս հետաքրքրել են ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը, ՀՀ նոր Սահմանադրությամբ Հայաստանում իրականացվելիք բարեփոխումները, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման և առկա ներուժի, այդ թվում՝ լրագրողական համայնքի ներուժի լիարժեք օգտագործման հնարավորությունները, Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականցվող պետական քաղաքականությունը և մի շարք այլ հարցեր:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Источник: Noyan Tapan
|