АРМИНФОЦЕНТР: Участники 8-го всеармянского форума журналистов встретились с Президентом Арцаха Бако Саакяном
Հոկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջունելով Սփյուռքից ժամանած հյուրերին՝ Բակո Սահակյանը նշել է, որ համաժողովում քննարկվող թեմաները շատ կարևոր են, հետաքրքիր ու հրատապ` տեղեկատվական ոլորտը որակելով մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ:
«Ներկա դրությամբ տեղեկատվական ոլորտում ավանդական գերխնդիրների հետ մեկտեղ առաջ են գալիս նորանոր առաջադրանքներ ու անելիքներ: Այս ամենը պահանջում է համապատասխան քաղաքականության իրականացում տեղեկատվական դաշտում, սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրագրողների ու լրատվական հատվածների միջեւ»,- «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ընդգծել է երկրի ղեկավարը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Նախագահ Բակո Սահակյանին՝ համաժողովի մասնակիցներին ընդունելու համար և հավելել, որ Արցախում անցկացրած օրերը Սփյուռքից ժամանած լրագրողներին ուժ, նոր լիցքեր կհաղորդեն, և վերադառնալով իրենց երկրներ՝ կշարունակեն անել հնարավոր ամեն ինչ՝ հանուն Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի:
«Այսօր մենք պատերազմական իրավիճակում ենք ապրում: Պատերազմն ունի ռազմական, դիվանագիտական, տնտեսական և լրատվական բնույթ: Դուք այն զինվորներն եք, որոնք անդամագրվել են իրական ու վիրտուալ դաշտին և պայքարում են այդ տարածքում, պայքարում են այս սահմաններից դուրս: Եթե այստեղ մեր հայրենապահ Արցախն է կանգնած, Դուք ձեր «սահմաններում» պայքարում եք, որ Արցախի խնդիրն իր արդարացի հանգուցալուծումը ստանա: Պայքարում եք մեր ժողվրդի անկախության և ինքնորոշման համար, փորձում Հայ դատը և հայկական իրականությունը ներկայացնել ձեր երկրների քաղաքական իշխանություններին և հասարակությանը:
Մենք քաջ գիտակցում ենք՝ եթե չլինի Արցախը, չի լինի Հայաստանը, չի լինի Հայաստանը, չի լինի հայ ժողովուրդը: Հետևաբար, Հայաստան-Արցախ-Սփյուռք բառերը յուրաքանչյուրիս սրտի, հոգու մեջ պետք է լինեն և են: Արցախը մեր հպարտությունն է, մեր խիղճն է, Սփյուռքը մեր պատիվն է, իսկ Հայաստանը՝ մեր հույսը»,-դիմելով համահայկական համաժողովի մասնակիցներին՝ նշել է Հրանուշ Հակոբյանը:
Հանդիպման ավարտին Նախագահ Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված տարբեր հարցերի` կապված տեղեկատվական ոլորտի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության հետ:
Источник: Hayernaysor.am
|