АРМИНФОЦЕНТР: Саида Оганян: "Мы должны использовать все возможности для того, чтобы помочь нашим амшенским братьям и сестрам вернуться к своим армянским корням"
ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում երևանյան օրերի նիստերի ընթացքում հնչեցին հետաքրքիր ելույթներ, եղան գործնական ուշագրավ առաջարկություններ:
Համշենահայության խնդիրների և համագործակցության մասին է պատմում ՌԴ-ում «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից, «Համշենուհի» կանանց միջազգային միության նախագահ Սաիդա Օհանյանը:
Համշենահայերի ամենաստվար սփյուռքյան համայնքները գտնվում են Աբխազիայում և Ռուսաստանի սևծովյան ափամերձ շրջաններում: Անշուշտ, համշենցիները դեռևս կուռ բնակչությամբ ապրում են իրենց պատմական հայրենիքում՝ Համշենում:
Ռուսաստանի հարավային դաշնայն մարզում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության (ք. Դոնի Ռոստով) և Սոչիում հյուպատոսության մասնաճյուղի գործունեությունը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը նպաստել են Հայաստանի հետ ռուսաստանաբնակ համշենահայության բազմակողմանի կապերի ամրապնդմանը: Իրավիճակը, հայտնի իրադարձությունների պատճառով, մի փոքր այլ է Աբխազիայում:
Եթե Ռուսաստանում և Աբխազիայում համշենահայերը բացարձակ մեծամասնությամբ քրիստոնյաներ են, և իրենց համարում են համշենահայության չիսլամացված մասի ժառանգները, ապա բոլորովին այլ պատկեր է բուն Համշենում, որտեղ համշենահայությունը բռնի կերպով իսլամացվել է, շատերը կորցրել են իրենց արմատներն ու ազգային ինքնությունը…
Հետևաբար, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի օգնենք համշենահայ մեր քույրերին ու եղբայրներին՝ վերադառնալու իրենց հայկական արմատներին:
Այստեղ շատ ու շատ կարևոր է զանգվածային լրատվության միջոցների դերը:
Ցավոք սրտի, համշենյան ԶԼՄ-ները, ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային, Աբխազիայում, Ռուսաստանում, Հայաստանում և բուն Համշենում փոքրաքանակ են, մասնավորապես, հայերեն լեզվով, որի հետևանքով համշենահայերը քիչ տեղեկատվություն են ստանում իրենց խնդիրների և անելիքների վերաբերյալ: Այս իրավիճակի շտկումը պետք է դառնա օրվա գլխավոր հրամայականը, ինչպես համշենահայության սփյուռքյան կառույցների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար:
Շատ կարևոր ենք համարում ժողովրդական դիվանագիտությունը, Աբխազիայում և Սոչիում բնակվող համշենահայերի և պատմական հայրենիքում բնակվող համշենցիների ուղղակի շփումները: Վերջին տարիներին բարի ավանդույթ է դարձել ճանաչողական փոխադարձ այցելությունները, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը և այլն:
Անկասկած, մեծ և անփոխարինելի է հատկապես հայ կնոջ դերը՝ խաղաղության պահպանման, լեզվի, մշակույթի, ազգային ավանդույթների, կենցաղի և ընտանիքի վերականգնման հարցում: Հայ կինը մշտապես եղել է ոչ միայն օջախի պահապանը, այլև Հայրենիքի պաշտպանը, Ազատարա-զինվորի Մայրը:
Այս իմաստով մեծ դեր է ստանձնել 2012 թվականին ստեղծված «Համշենահայուհի» կանանց միջազգային միությունը:
Այս կարճ՝ 4-ամյա գործունեության ընթացքում միության կողմից իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպաստել են համշենահայության միջազգային համագործակցությանը: Եվ մենք երախտապարտ ենք ՀՀ սփյուռքի նախարարույթանը, անձամբ նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին՝ մեր կազմակերպության հանդեպ մշտական ուշադրության, աջակցության և բարի խորհուրդների համար:
Համշենահայության կյանքում նշանակալի իրադարձություն կլինի 2017 թվականին Սոչիում և Հբխազիայում անցկացվելիք համշենահայության միջազգային համաժողովը՝ «Համշենյան աշխարհ-մենք միասնական ենք» խորագրով, որի շրջանակում տեղի կունենան կոնֆերանսներ և մշակութային տարբեր փառատոներ: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ստեղծագործական խմբեր, մշակության և կրթական ոլորտի նշանավոր գործիչներ, պատմաբաններ, քաղաքագետներ, միջազգային ճանաչված լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Աբողջությամբ պատրաստ է ֆորումի ծրագիրը և արդեն իսկ համաձայնեցված՝ Աբխազիայի և Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ:
Ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը կաջակցի մեր նախաձեռնությանը և ֆորումն իրական տոն և ինքնության ճանաչման հարթակ կդառնա համշենահայության համար:
Источник: Hayernaysor.am
|