АРМИНФОЦЕНТР: "Արևմտահայաստանի Վտարանդի կառավարութիւն» ո՞վ է դա այդպէս որոշել, ո՞րտեղ է Կառավարութեան նստավայրը, ո՞վ է ընտրել այդ կառավարութեանը": Հարցերը կազմեց՝ Վարուժան Բաբախանը Պատասխանեց՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արտաքին գործերի հանձնախմբի պատասխանատու՝ Արամ Մկրտչյանը Հարց - 1: «Արևմտահայաստանի Վտարանդի Կառավարութիւն» ո՞վ է դա այդպէս որոշել, ո՞րտեղ է կառավարութեան նստավայրը, ո՞վ է ընտրել այդ կառավարութեանը, ի վերջոյ երբ խօսում ենք կառավարութիւնից պէտք է լինի ժողովուրդ, որը ընտրում է և ընտրելու իրաւունք ունի, ե՞րբ է եղել նման ընտրութիւն։ Պատասխան: Պաշտոնապես Կառավարությունը կոչվում է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն: Որոշումը կայացրել է Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը: Կառավարության նստավայրն է` Ֆրանսիա, Փարիզ: Կառավարությանը ընտրել է Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը: Կառավարության անդամ կարող է լինել միայն Արեւմտյան Հայաստանի քաղաքացին: Մենք պարբերաբար հանդես ենք գալիս լրատվությամբ եւ տեղյակ ենք պահում բոլորին՝ կառավարության ապագա աշխատանքների մասին: Արեւմտյան Հայաստանի քաղաքացի կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ով համաձայն կարգի կներկայացնի եւ կլրացնի պահանջվող փաստաթղթերը: Այժմ նախապատրաստվում է խորհրդարանական ընտրությունները, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով ունի Արեււմտյան Հայաստանի քաղաքացիություն: Հարց - 2: Երբ խոսում ենք կառավարութիւնից, ուրեմն պէտք է լինի սահմանադրութիւն, գոյութիւն ո՞ւնի որևէ մէկ սահմանադրութիւն թէ՞ ոչ։ Պատասխան: Կառավարություն ստեղծելու համար մենք ունենք բավարար իրավական հիմքեր, այդ թվում նաեւ՝ Սահմանադրություն:
Հարց - 3: Ո՞վ է ընտրել այդպիսի դրօշ Արևմտահայաստանի համար, Հիմնը ի՞նչ է։ Արդեօք դա պառակտում չէ՞ք համարում: Հայաստանի դրօշը եռագոյն կարմիր կապոյտ նարնջին է, Արցախինն էլ նոյնպէս, ես այլ դրօշ չեմ կարող պատկերացնել, ո՞վ է նման որոշում կատարել։ Կարծում է՞ք արդեօք , որ հայ ժողովուրդը դա լուրջ կվերցնի։ Պատասխան: Արեւմտյան Հայաստանի դրոշը վերականգնվել եւ ընդունվել է Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի կողմից, հիմնի վրա աշխատանքները տարվում են, այսօրվա հիմնն է՝ «Զարթիր Լաո»ն: Ամեն մի պետություն եւ կառավարություն պետք է ունենա իր դրոշը, ուստի եվ դրոշ ունենալը չի կարող դիտարկել պառակտման տեսանկյունից: Հայ ժողովուրդը իրավունք ունի վերցնելու կամ չվերցնելու ցանկացած դրոշ: Արեւմտյան Հայաստանի քացաքացիները պատվով ընդունում են իրենց դրոշը: Հարց - 4: Երբ ընտրում էք դրօշ, հիմն, կառավարութիւն և այլն ապա ինչու էք հաղորդակցում Աբեղեան ուղղագրութեամբ, բուն Արևմտահայերը օգտագործում են Մեսրոպեան ուղղագրութիւնը և առաւել եւս Արևմտահայերէն, դա այդպէս չէ, ապա ի՞նչու։ Պատասխան: Մենք մեր հաղորդագրությունները անում ենք երկու ուղղագրությամբ, չտալով նախընտրություն որեւէ մեկին, մեր նպատակն է վերականգնել միասնական ուղղագրությունը: Կարծում եմ դուք մի քիչ խառնում եք ուղղագրությունները, ի դեպ Մեսրոպյան ուղղագրության մեջ փոքրատառեր չկան: Հարց - 5: Վիլսոնեան Հայաստանի կամ սահմաների վերաբերեալ, Հայաստանում աշխատում է Քանադայի ՀՀ նախկին դեսպան Արա Պապեանը, որը շատ լուրջ իրաւաբանական աշխատանք է տանում, արդեօք Արևմտահայաստանի Վտարանդի Կառավարութիւնը աշխատո՞ւմ է իր հետ և ի՞նչ մակարդակի։ Պատասխան: Մենք տեղյակ ենք պարոն Արա Պապյանի աշխատանքներին, ունենք շփումներ այն չափով, ինչ չափով կա անհրաժեշտություն: Հարց - 6: Հայաստանի Առաջին Հանրապետութեան ժամանակ 20-ական թւականներին ստեղծւեց Արևմտահայաստանի Խորհուրդը, որը որևէ մէկ արդիւնք չտւեց դեռ հարցը աւել բարդացրեց, չէք կարծո՞ւմ որ այժմս «Կառավարութիւն» ստեղծելը ինքը հարցը աւել կբարդացնի քա՞ն լուծի հայ կական հարցերը։ Պատասխան: 20-ական թւականներին ստեղծվել է Արարատյան Հանրապետությունը, այնուհետեւ այն վերանվանվել է Հայկական Հանրապետության, այնուհետեւ Հայաստանի Հանրապետության: Մենք անում ենք մեր աշխատանքը եւ այն ինչը հնարավորություն չունի կատարելու Հայաստանի Հանրապետությունը եւ առաջիկայում, այսինքն առաջիկա հինգ տարում հնարավորություն չի ունենա կատարելու: Հարց - 7 Ի՞նչպիսի կապերի մէջ է «Արևմտահայաստանի Վտարանդի Կաառավարութիւն» Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան հետ, Ի՞նչ է Հայաստանի հանրապետութեան կարծիքը, և ինչ միջազգային կազմակերպութիւնների հետ հաղորդակցման մէջ է։ Պատասխան: Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը հավասարապես աշխատում է բոլոր Կառավարությունների հետ, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լավ կարծիք ունի, մենք աշխատում ենք ՄԱԿ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Հարց - 8: Պէտք է ասեմ, որ ինձ յայտնի է Ձեր կայք էջը http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm, բայց դա ոչ մի մանրամասը տեղեկութիւն չի փոխանցում որով հաստատի այդ Կառավարութեան հեղինակութիւնը։ Պատասխան: Կառավարությունը չի զբաղվում հեղինակություն ստեղծելով, մենք կատարում ենք մեր աշխատանքը եւ վստահ ենք, որ ճիշտ ենք կատարում: Հարց: Շատ շնորհակալ կլինէի եթէ անկեղծ մեկնաբանէիք վերը նշւած հարցերը, կարծում եմ բոլորին պատասխանը կը հետաքրքրի։ Պատասխան: Շնորհակալություն: Արեւմտյան Հայաստանի Վտարանդի ԿառավարությանԱրտաքի գործերի հանձնախմբի պատասխանատու` Արամ Մկրտչյան
|