АРМИНФОЦЕНТР: ԱՍԱԼԱ. հայ ազգային - ազատագրական պայքարի արդի փուլը, մաս 1 - "Megapolis” պարբերական, մայիս, 2010, էջ 86: АСАЛА: Современный этап национально-освободительной борьбы армян - на армянском языке, часть 1, журнал "Мегаполис", май 2010г. стр. 86. <<Սփյուռքահայ երիտասարդության անձնազոհ ահաբեկչական պայքարի շնորհիվ Հայկական հարցը դուրս եկավ մոռացության շրջանից եւ նորից միջազգային ճանաչում գտավ: Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռք բերվեցին զգալի հաջողություններ, որոնք շատ ավելի մեծ կարող էին լինել, եթե Սփյուռքը միասնական լիներ եւ Խորհրդային Հայաստանն էլ հանդես գար որպես պահանջատեր>>: Լենդրուշ Խուրշուդյան 1. Հույսի ու մոռացումի ժամանակը` 1923-1965 թթ., Լոզանից մինչեւ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի հրապարակ Լոզանի կոնֆերանսը փակված համարեց Արեւելյան հարցը, քանի որ Սեւրի դաշնագրով արդեն իսկ գծվել էին նոր Եվրոպայի եւ Միջին Արեւելքի երկրների սահմանները: Ճիշտ է, կոնֆերանսը ուժի մեջ թողեց Սեւրի դաշնագրով Հայաստանին վերաբերող դրույթները, սակայն չանդրադարձավ այն հարցին, որ Արեւելյան հարցի մեկ մասը հանդիսացող Հայկական հարցի վերաբերյալ վճիռներն ու որոշումները կյանքի չեն կոչվել, չեն իրականացվել: Այդպիսով, Լոզանի կոնֆերանսը շրջանցեց Հայկական հարցի վերաբերյալ դեռեւս չիրակացված վճիռների ու որոշումների իրականացման խնդիրը:
Այնուհետեւ միջազգային ընտանիքը շուրջ 50 տարի շրջանցեց, լռության ու մոռացության մատնեց Հայկական հարցի լուծման կիսատ մնացած իրողությունը: Այդ ընթացքում` 1923-1965 թթ., Հայկական հարցի համար մղվող պայքարն ընթանում Էր բացառապես մեկ ուղղությամբ: Հայկական եւ ոչ հայկական մամուլում հրապարակվում Էին հոդվածներ, գրվում` գրքեր, կանգնեցվում` Եղեռնին նվիրված հուշարձաններ: Դիմումներ Էին հղվում ՄԱԿ-ին, միջազգային կազմակերպություններին, երկրների նախագահներին, խորհրդարաններին, կառավարություններին` Հայկական հարցը եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ արդարությունը վերահաստատելու համար քայլեր ձեռնարկելու խնդրանքով: Այլ խոսքով` լայն գործունեություն Էր ծավալվում միջազգային կազմակերպությունների վրա ազդելու ծրագրերի մշակման ու գործադրման ուղղությամբ: Հայկական հարցի համար մղվող պայքարի երկրորդ ուղղության` լռության, մոռացումի, բռնության ու ճնշման դեմ ընդվզելու իրողության ինքնաբուխ ժայթքումն էր, որի սկիզբը ընդունված է համարել Եղեռնի 50-րդ տարելիցի վերագնահատումների պահը եւ 1965-ին Խորհրդային Հայաստանում ծայր առած բողոքի շարժումը: Պատմական պահի վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ փուլում Հայկական հարցի համար իրականացված ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, ուստի` սփյուռքահայ երիտասարդության մեջ ծնունդ է առնում այն տեսակետը, որ Հայկական հարցը լուծելու համար դիվանագիտական, քաղաքական միջոցները բավարար չեն: Իբրեւ Հայկական հարցի լուծման համար մղվող պայքարի գործնական ձեւ` առաջ է քաշվում աշխարհի տարբեր երկրներում Թուրքիայի պետական շահերի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ու դիվանագետների դեմ զինյալ հարձակումների ձեւը: Պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը արդարացիորեն նկատում է. <<Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանում, երբ թվում էր, թե Հայկական հարցը մոռացվել է, երբ շատերը արդեն խոսում էին Սփյուռքի վերացման մասին, Հայ ժողովուրդը վերսկսեց Հայկական հարցի համար մղվող զինված պայքարը: Հայ ժողովուրդը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ ազգային գաղափարախոսությունը ազգի արյան մեջ է, քանի գոյություն ունի ազգը` գոյություն կունենա նաեւ ազգային գաղափարախոսությունը: Սփյուռքահայ երիտասարդները, որոնցից շատերը չէին տիրապետում կամ շատ վատ էին տիրապետում մայրենի լեզվին, ղեկավարվելով արյան կանչով, նախնիների կանչով, մահն աչքի տակ առած, պայքարի դուրս եկան Արեւմտյան Հայաստանը ազատագրելու համար>>1: 2. Ծերունի հայը որոշում է կայացնում 1972 թ. սեպտեմբերին է գրվել 78-ամյա Գուրգեն Յանիկյանի կոչը ուղղված հայ ժողովրդին. <<Ես ոչ միայն մենակ մնալու չեմ, այլ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ե°ւ առաջինը, որ պիտի հնչեցնէ այս նոր ձեւի պատերազմի հրաւիրող փողը: Անցած տարիները եկան ինձ ապացուցելու, որ այս աշխարհում ազատութիւն, արդարութիւն, ճշմարտութիւն եւ սրանց նման բարձր գաղափարների իմաստը, եթէ այսպէս շարունակուի, շուտով միայն բառարաններում ենք գտնելու: Բաւական է, որքան հայ անհատը դռնէդուռ ընկած ողորմութիւն է աղերսում մարդկութիւնից: Ես` անհատս, ո°չ ցանկութիւն ունեմ այլեւս լռելու եւ ո°չ էլ ժամանակ: Միակ ցանկութիւնը, որ մնում է իմ մէջ, այդ է` չլինել միակն այս ձեւի պատերազմն իրականացնելու գործում: Վերջնական յաղթանակը լինելու է մե°րը, կասկած չունե°մ: Դո°ւք` հայ ազգի զաւակներ, ՆԵՄԵՍԻՍՆԵ°Ր դարձած, հարուածէ°ք թշնամուն ամէն տեղ, որտեղ դուք ինքներդ յարմար կը գտնէք>>2: Տաղանդաշատ ճարտարագետ, գրող ու հրապարակախոս, շինարար ու գյուտարար ծերունազարդ հերոսը Ռուբիկոնն անցել էր. 1973 թ. հունվարի 27-ին, Կալիֆորնիայի Սանտա Բարբարա հյուրանոցում, հնչեցին կրակոցներ, երկու թուրք դիվանագետ սպանվեց, իսկ Գուրգեն Յանիկյանը հանձնվեց ոստիկաններին: Այնուհետեւ գալու էին մաքառումների ու պայքարի նոր ժամանակները, դատավարությունն ու բանտարկության տարիները: <<Ես,- գրել է Գ. Յանիկյանը իր ինքնախոստովանության մեջ,- հրապարակ չեմ գալու ոչ մի կուսակցության, ոչ մի հոսանքի, ոչ մի խմբակցության անունից: Ես հրապարակ եմ գալու եւ գործելու եմ որպես մի հայ անհատ, որն արդեն հոգնել է սպասելուց, որը խաբվել է խոստումներից, որը` որպես անհատ, գտնում է, որ իր ցեղի անհատները, որոնք իրենց հաշվում են ազգի ղեկավարներ թեեւ ինձ նման նույնպես խաբվել են եւ հավատացել, բայց ինչ-ինչ պատճառներով շարունակում են լռել ու համոզում են ուրիշներին էլ լռել>>: Շարունակելի
Информация предоставлена пресс-службой «УХТ АРАРАТИ» (Обет Арарата) «Ուխտ Արարատի» - общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»).
|