Գիշերը «Թաթոսները» — այդ անունով նրանք կոչում էին իրանց խումբը զվարճախոսության համար — դարձյալ հավաքվեցան Բաքոսյանի մոտ: Թեյից հետո նրանք սկսեցին ծխել և դատարկախոսություններ անել: Իսկ լուրջ վիճաբանություն տեղի չունեցավ:
Բայց Եզիկյանը, «լռության պրոֆեսորը» — այդպես էին կոչում նրան — որ ոչինչ այլ առարկայի վրա խոսելու ընդունակ չէր բացի բամբասելուց՝ հանկարծ կանգնեցավ և հայտնեց, թե նա խոսելիք ունի: Բոլորի ուշադրությունը դարձավ դեպի նա. անհամբերությամբ սպասում էին, արդյոք ի՜նչ հիմարություն պիտի հայտնի:
— Պարոններ, — ասաց նա ճառական ոճով, — մարդկային լուսավորության և նրա հառաջադիմության պատմագրությունը մեզ սովորեցրեց, թե ոչ մի հասարակական հիմնարկություն չէ կարող յուր իսկական նպատակին հասնել, եթե նույն հիմնարկության կազմակերպությոլնը չէ կանոնավորվում պաշտոնական ձևերի մեջ: Ի նկատի ունենալով այդ ճշմարտությունը, ես պատիվ եմ համարում այս ժողովի մեջ բարձրացնել մի հարց, որի հետ կապակից են մեր «Եղբայրության» բարեկամությունը, նրա շահերը և ապագա հառաջադիմությունը: (Բարձրացավ ընդհանուր ծափահարություն, և նա շարունակեց) — «թաթոսականությունը» եղել է ոչ է՜ մեր «եղբայրության» — եթե կներվի ինձ այդպես կոչել — նպատակը: Մինչև այսօր այդ «եղբայրությունը» կապված էր միայն բարոյական կապերով: Արդարև, անհերքելի է այն փաստը, թե որքա՜ն ամուր և որքա՜ն անխզելի էին այդ կապերը: Իբր ապացույց բավական է հիշել միայն, որ «եղբայրությունը» օրըստօրե լայն շրջան ստացավ և բարի գործին (այդ բառերի վրա առանձին հանգով շեշտեց նա) հետևողների թիվն օրըստօրե ավելացավ: (Դարձյալ ծափահարություն): Նա շարունակեց. — ժամանակ է, պարոններ, «եղբայրությունը» մարմնացնել, այլ խոսքով, նրան կազմակերպել և պաշտոնական ձև տալ: Եթե ժողովը թույլ կտա՝ ես կկարդամ այդ մասին պատրաստած իմ ծրագիրը:
Լսելի եղավ ընդհանուր հռհռոց և ծիծաղ:
— Խնդրեմ, խնդրեմ, — ձայն տվեցին ամեն կողմից:
Եզիկյանը, առանց շփոթվելու, ծանր կերպով, դուրս հանեց ծոցի գրպանից մի թուղթ, հազաց, կոկորդը իստակեց և սկսավ կարդալ (թղթի ճակատին, խոշոր տառերով գրված էր «Թաթոսականություն»):
§ I. Եղբայրության նպատակն է գործ դնել ամեն հնարք՝ ուրախ և զվարճալի ժամանակ վարելու համար:
§ II. Եղբայրությունը բաղկանում է Ա. Նախագահից, Բ. նրա Օգնականից, Գ. Ատենադպրից, Դ. Պատվավոր և մշտական անդամներից:
§ III. Ամեն մի ուսանող պատվավոր և մշտական անդամ լինելու համար պետք է ունենա հետևյալ հատկությունները, Ա. Սիրե բոլոր այն ըմպելիքները, որոնք մեծն Բաքոս շնորհել է մարդկության բարօրության համար: Բ. Սիրե թղթախաղը, որ պարունակում է յուր մեջ թե նյութական և թե բարոյական սկիզբներ: Գ. Սիրե կանայք՝ որպես մարդկային երջանկության միակ աղբյուրը:
§ IV. Եղբայրության ժողովները կազմվում են համարյա ամեն գիշեր:
— Չորրորդ հոդվածին իբրև ծանոթություն ավելացված է: — հառաջ տարավ Եզիկյանր, — թե «ժողովները» դադարում են երկու ամիս միայն, քննություններից առաջ, երբ անդամները զբաղված լինելով առարկաների պատրաստությամբ՝ չեն կարող իրանց նվիրել բարի գործին:
Եզիկյանը կարդաց և մի քանի այլ հոդվածներ, որոնք վերաբերում էին «եղբայրության» վարչությանը, անդամների իրավունքներին և նրանց պարտավորությանը և այլն… Նա նստեց:
Տիրեց ընդհանուր լռություն: Բոլորի դեմքի վրա նկարված էր բազմահոգ խորհրդածություն: Մինչև Բաքոսյանը խոսք խնդրեց և կանգնելով ասաց.
— Ես բոլոր սրտով համակրում եմ ծրագրին, որ այս րոպեիս կարդացվեցավ. միայն թույլ եմ տալիս ինձ անել մի մասնավոր նկատողություն. ծրագրի մեջ ասված է, թե ի՜նչ հատկություններ պետք է ունենա մի ուսանող, որ պատվավոր անդամ լինելու շնորհը վայելե, բայց նախագահի հատկությունների մասին ոչինչ հիշված չէ:
Լաբլաբովը խոսք խնդրեց, և բոլորովին համակրելով Բաքոսյանի նկատողությանը՝ ավելացրեց.
— Իմ կարծիքով, պարոններ, նախագահ կարող է լինել այն «փղշտացին» միայն, որ միանգամով կարող է խմել մի ամբողջ շիշ արաղ:
Լաբլաբով առաջարկությունը թեև բարձրացրեց ընդհանուր ծիծաղ՝ բայց հերքվեցավ Բաքոսյանից:
— Պարոն Լաբլաբովի կարծիքը, — ասաց նա, — որպես մասնավոր բնավորություն ունեցող՝ չէ կարող ուշադրության արժանի լինել: Իմ կարծիքով, պարոններ, «բարի գործի» հառաջադիմության համար պետք է ընտրել այնպիսի մի նախագահ, որ ավելի հիմար և բթամիտ է:
Բոլորը ծափահարեցին:
— Ուրեմն ավելացրեք, պարոն Եզրկյան, երկրորդ հոդվածի առաջին պարագրաֆին որպես ծանոթություն, պարոն Բաքոսյանի նկատողությունը:
Նա հանեց ծոցի գրպանից մատիտը և սկսեց գրել:
Աթթարյանը, որ բոլոր ժամանակ Բաքոսյանի քնաշորերի վրա պառկած, երևի դարձյալ Օֆենբախի վրա էր մտածում՝ մեջ մտավ.
— Պարոններ, թեև ես շատ համակրում եմ պարոն Բաքոսյանի հայտնած կարծիքին, այսուամենայնիվ՝ իզուր է մի այդպիսի ծանոթություն ավելացնելը, որովհետև այստեղ գտնվածներից և ոչ մինը բացառություն չէ՜ կազմում…
— Ուզում եք ասել, թե բոլորը հիմարներ և բթամիտներ են և նախագահ լինելու հատկությո՞ւն ունին, — լսելի եղան մի քանի ձայներ:
Աթթարյանը դրական կերպով գլուխը շարժեց: Բայց նրան շվացրին:
Եզիկյանը վերջացնելով յուր գրելը, դարձավ դեպի հանդիսականները:
— Պարոններ, իմ կարծիքով հարցը բավականին պարզված է. այժմ կարելի է ուղղակի դիմել ընտրություններին:
— Այո՜, — ձայն տվեցին ամեն կողմից:
— Ուրեմն քվեարկեք առաջ նախագահին: Ով կամենում է ձայն տալ` ձեռքը բարձրացնել:
Նշանակվեցան երեք կանտիդատներ, մինը՝ նույնիսկ Եզիկյանը, մյուսը՝ Լաբլաբովը, երրորդը՝ Նուլյանը: Ձայների բազմությունը ստացավ Եզիկյանը: Իսկ Լաբլաբովը ընտրվեցավ նախագահի օգնական, Նուլյանը՝ ատենադպիր, մնացածները՝ եղան պատվավոր և շտական անդամներ:
— Կարող են լինել և կամավոր անդամներ, — ասաց Թաթոսներից մինը, — մենք այսուհետև այդպես կոչելու ենք նրանց:
— Այդ վարչությանն է վերաբերում, — պատասխանեց Եզիկյանը, որ կամենում էր իսկույն գործ դնել յուր իշխանությունը: — Կամավոր անդամ լինել ցանկացողները, այսինքն նրանք, որ երբեմնակի ուզում են ներկայանալ նիստերին, առաջ պետք է նախագահին դիմեն և նրանից թույլտվություն խնդրեն: Այդ միտքը հայտնված է տասներորդ հոդվածի մեջ: — Ավելացրեց նա, խիստ լուրջ կերպով:
Բոլորը համաձայնվեցան:
— Ուրեմն այժմ կարող ենք բանալ առաջին պաշտոնական նիստը, — ասաց նախագահը:
Նույն ժամուն Թաթոսները խմեցին մի-մի բաժակ արաղ, ամեն մինը կարդալով երկար ճառ «եղբայրության» և «բարի գործի» հարատևության մասին, և բաց արին թղթախաղի առաջին պաշտոնական նիստը:
Բոլոր ժամանակը նրանք վիճում էին հաշիվների մասին և աղմուկ էին բարձրացնում, չնայելով որ նախագահը միշտ զգուշացնում էր, որ կարգ ու կանոն պահպանեն: Գիշերային երկու ժամին վերջացավ խաղը: Կես ժամ նրանք վիճեցին հաշիվների վրա, մինչև նախագահը մեջ մտավ և ուղղեց հաշիվները, թե ով որքա՜ն էր տարված, և ո՜վ ի՜նչ էր տարել:
— Պարոններ, այժմ դեպի արշավանք ձայն տվեց նախագահը, զորապետի կերպով:
— Դեպի արշավա՛նք, — կրկնեցին մյուսները և դուրս եկան…: Նույն ժամուն մի մուժիկ, բարձած սայլակով, տարաժամ քաղաքը ներս էր բերում յուր ագարակային բերքը: Տեսնելով նրան, Լաբլաբովի գլխին փլեց մի միտք. նա ուզեցավ կատակ անել խեղճ գյուղացու հետ:
Նա, բարձր շլյապան յուր գավազանի գլուխը տնկելով, կուզեկուզ մոտեցավ սայլակին, մի զարմանալի ձայն հանեց, թռչկոտեց: Եզները խրտնեցան, սայլակը շուռ եկավ, մուժիկը կատաղեցավ:
— Ի՞նչ է… — գոռաց գյուղացին խռպոտ ձայնով:
— Եզների հետ են խաղում… Եվ աղաշներ էլ են…
Թաթոսները ոչինչ չպատասխանեցին, հռհռացին և հեռացան: Բայց գյուղացին չէր դադարում քթի տակից անեծքներ կարդալուց:
Բաքոսյանը մնալով միայնակ յուր կացարանում՝ խիստ անհանգիստ էր:
Նա, խորին վրդովմունքի մեջ, ձեռքերը տրորելով, անցուդարձ էր անում յուր սենյակում, որովհետև նա սաստիկ տարված էր: Նրա զայրացած դեմքը իսկույն մեղմացավ, երբ մյուս սենյակից երևաց Նատաշայի սիրուն գլուխը:
— Ես բոլորը վերջացրի մադամի հետ, — ասաց նա ուրախ ժպիտը երեսին և թեթև քայլիկներով վազեց դեպի Բաքոսյանը:
— Այդ լա՛վ է … — պատասխանեց պատանին և գրկեց նրան:
Ե
Ապրիլ ամիսն էր: Մոտեցավ Թաթոսների ճգնաժամը. շուտով սկսվելու էին քննությունները: Թղթախաղի պաշտոնական նիստերը ետ ձգվեցան:
Այժմ հարկավոր էր փոքրիշատե պատրաստվել: Մեր ուսանողները առանձնացած էին իրաց խուցերում և պարապում էին: Նրանք պարապում էին գիշեր և ցերեկ անդադար, նրանց աշխատասիրությունը հասնում էր մինչև անձնամաշության: Ամենքի աչքերի լույսը աղոտացավ, երեսների գույնը չքացավ, թույլ և դանդաղկոտ քայլերով, որպես հիվանդության մահճից նոր բարձրացած էակներ, նրանք դիմում էին դեպի համալսարան, իրանց մի ամբողջ տարվա անգործության համարը տալու: Մի քանիսին հաջողվեցավ քննություն տալ, մի քանիսը կտրվեցան (Բաքոսյանը նրանց թվումն էր), իսկ մայիսի վերջին ազատվեցան այդ տանջանքներից:
Արձակուրդները եկան: Այնուհետև պետք էր հանգստանալ, սպառված ուժերը զորացնել և «եղբայրության» գործը հառաջ տանել…
Բաքոսյանը, առնելով յուր հետ Նատաշային, թողեց Մոսկվան և տեղափոխվեցավ Սակոլնիկ գյուղը, ամառը անցկացնելու համար: Այնտեղ նա վարձեց փոքրիկ տան մի թևքը, նույնպես փոքրիկ, բայց մաքուր և պայծառ սենյակներով, որոնց լուսամուտները բացվում էին գեղեցիկ պարտիզի մեջ, որ հովանավորված էր վայրենի ծառերով: Նատաշան շատ ուրախ էր յուր նոր բնակարանով, նա առաջին օրը անդադար աշխատում էր սենյակները կարգի գցել:
Երեկոյան թեյի սեղանը նա սփռեց պարտեզի մեջ, որ բոլորած էր մացառներով հյուսած ցանկապատով: Արեգակը դեռ նոր սկսել էր թեքվել դեպի յուր գիշերային մուտքը, ծառերի տերևները փայլում էին նրա վերջալույսով: Օդը արբված էր եղևնիների անուշահոտությամբ:
Բաքոսյանը, թեք ընկած փայտյա նստարանի վրա, յուր հոգու հանգիստ բերկրության մեջ, նայում էր Նատաշայի վրա: Իսկ օրիորդը, նույնպես անդորը, նույնպես ուրախ թեյ էր լցնում:
— Ահա՜, այստեղ լա՛վ է… — ասաց նա ոգևորված կերպով և երեխայական անմեղ ժպիտը վազեց նրա դեմքի վրա:
— Դու կարծո՞ւմ ես, — հարցրեց Բաքոսյանը ուղիղ օրիորդի երեսին նայելով, որ նույն րոպեին ավելի պայծառացել էր երեկոյան վերջալույսով:
— Այո՜, շա՛տ լավ է… — կրկնեց Նատաշան, իսկ նրա դեմքը ակամա կերպով մռայլվեց: — Այստեղ ինձ հիշեցնում է մեր գյուղը, մեր տունը և բոլորը, ինչ որ թողեցի այնտեղ…
Վերջին խոսքերը օրիորդը արտասանեց այնպիսի մի ցավալի ձայնով, որ իսկույն գրավեց Բաքոսյանի ուշադրությունը:
— Ի՞նչ թողեցիր այնտեղ:
— Ամեն ինչ… — պատասխանեց օրիորդը նույն ձայնով. — և գերեզմանները իմ հոր, իմ մոր… և բարեկամներիս… ամե՛նը… ամե՛նը…
Բաքոսյանը, որ մինչև այն օր չգիտեր օրիորդի ով, կամ որտեղացի լինելը, հետաքրքրվեցավ հարցնել.
— Որպե՛ս հայտնվեցար դու Մոսկվայում, Նատաշա Պավլովնա:
— Ա՛խ, մի՜ հարցնեք այդ, Միխայել Արտեմիչ, խնդրում եմ, մի՜ հարցնեք…
Բաքոսյանը կրկին թախանձեց, որ պատմե: Օրիորդը կարճ, բայց խիստ վշտալի կերպով հայտնեց, թե ինքը միակ զավակն էր պաշտոնից հրաժարեցրած նադվորնի սովետնիկի, թե նա վատնեց արքունի փողերը և տեղափոխվեցավ յուր փոքրիկ ագարակում Ն… գավառի մեջ: Այնտեղ այդ հին աստիճանավորը սրտի կսկիծից անձնատուր է լինում արաղի և թղթախաղի, յուր կայքը բոլորովին սպառվելուց հետո գերեզմանի մեջ հանգստություն է գտնում: Օրիորդի մայրը շատ չէ ապրում ամուսնի մահից հետո, Նատաշան մնում է անտեր և որբ: Մի հեռու ազգական նրան բերում է Մոսկվա ուսումնարան տալու նպատակով:
Բայց նա յուր աղքատության պատճառով չէ կարողանում լցնել յուր ցանկությունը, և Նատաշան խիստ չնչին վարձով հանձնվում է մադամի մոտ կար կտրելու:
Այդ խոսքերը պատմելու միջոցին Նատաշայի սիրուն աչքերը թաց եղան արտասուքով, և նա յուր երկար թերթերունքները վայր թողեց և լուռ կացավ: Բաքոսյանի վրա շատ ազդեց այդ նազելի, իսկ նույն րոպեում վշտահար դեմքը:
— Ուրեմն քու երակների մեջ ազնվական արյուն է վազում… — ասաց նա:
Օրիորդը ոչինչ չպատասխանեց, միայն խորին կերպով հոգոց անեց:
— Մի՜ տխրիր, սիրելիս, — հառաջ տարավ Բաքոսյանը, — ես կփոխարինեմ այն բոլորը, ինչ որ դու կորցրիր քո հայրենիքում:
— Դու շատ բարի ես, Միխայել Արտեմիչ, դու սիրում ես ինձ, — պատասխանեց օրիորդը, մի փոքր մխիթարվելով:
Սույն միջոցին պարտիզի ցանկապատի մոտից, շվացնելով և ձեռքի եղեգնիկը շարժելով, անցավ մի բարձրահասակ երիտասարդ, լղարիկ կազմվածքով, գետնախնձորի գույնով երկայն մազերով և դուրս ցցված, սրածայր քթով: Նրա մանրիկ, մոխրագույն աչքերը խիստ անհանգիստ կերպով դուրս էին նայում հազիվ նշմարելի թերթերունքների միջից,
Մեդվեդովսկի, Մեդվեդովսկի, — ձայն տվեց Բաքոսյանը, տեսնելով յուր համալսարանական ընկերին:
Երիտասարդը ռուս էր, շինական ծագումից, լսելով այդ ձայնը` շուռ եկավ, տեսավ Բաքոսյանին և վազեց դեպի պարտեզը:
Նա շատ անգամ պարտք էր վեր առնում Բաքոսյանից, բայց վերադարձնելու սովորություն չուներ, որովհետև սեփականության գաղափարը նա հերքում էր: Առհասարակ այդպես են մտածում այն ուսանողները, որոնց ջեբերը գլխից ավելի դատարկ են:
Նատաշան տեսնելով, որ երիտասարդը մոտենում է, հեռացավ:
— Ա՛խ, դուք այստե՞ղ եք, ես չէի գիտում, — ասաց Մեդվեդովսկին ձեռք տալով: — Ո՞վ է այդ սիրունիկը, ցույց տվեց Նատաշայի վրա, որ դեռ չէր դուրս եկել պարտիզից:
— Աղախինս է… — պատասխանեց Բաքոսյանը շփոթվելով: — Ինչո՞ւ դուք չեք նստում, երևի մի տեղ շտապում եք, — խոսքը փոխեց նա:
Մեդվեդովսկին, որպես թե չլսելով վերջին խոսքերը՝ դարձյալ պահպանեց յուր դիրքը, կրկին ակնարկելով Նատաշայի վրա.
— Այո՜, լավ ընտրություն է… վատ ապրանք չէ՜…
— Չե՞ք կամենում թեյ խմել, — հարցրեց Բաքոսյանը:
— Ես շտապում եմ:
— Դեպի ո՞ւր:
— Կոչերովների մոտ:
— Երևի մի բան ձեզ հրապուրում է դեպի այնտեղ: Մեդվեդովսկին մի պտույտ տվեց Բաքոսյանի նստարանի շուրջը, ինքը չգիտենալով թե ինչու, և կանգնեց նրա առջև:
— Ա՛խ, ի՜նչ հիանալի աղջիկ ունին նրանք, Միխայել Արտեմիչ, մի խոսքով եղ ու մեղր…: Որպիսի՛ գեղեցիկ աչիկներ, որպիսի փոքրիկ ոտիկներ, որպիսի նրբիկ մատիկներ, բոլո՛րը, բոլորը սքանչելի են…
Մեդվեդովսկին սովորություն ուներ ամեն մի սիրած բառը արտասանել նվազական ձևով:
— Արտահայտությունը նրա դեմքի, — հառաջ տարավ երիտասարդը, — ունե յուր մեջ ինչ-որ կախարդիչ մի զորություն, մինչև այն աստիճան անբացատրելի և ազդու, որ իսպառ գժվեցնում է նայողին…
— Դրա համար էլ ձեր ուղեղը բնական դրության մեջ չէ՜, — ասաց Բաքոսյանը ժպտալով:
— Առանց կատակի, Միխայել Արտեմիչ, եթե դուք նրան տեսնելու բախտը կունենաք բոլորովին կհամաձայնվեք ինձ հետ:
— Իրա՞վ, — հարցրեց Բաքոսյանը կիսահեգնական կերպով:
— Երդվում եմ պատվովս, — շարունակեց Մեդվեդովսկին նույն ոգևորությամբ: — Ա՛խ, նրա սրտի՛կը, կատարյալ դրախտ է, որքա՜ն բարություններ կան նրա մեջ…
Թեև Մեդվեդովսկին սիրում էր երբեմն ստախոսել, բայց Բաքոսյանը չկասկածեց, թե նրա ասածների մեջ կար գոնյա նշույլ ճշմարտության:
— Կուզե՞ս ես քեզ ծանոթացնեմ նրա հետ: Ծերուկ այրիկը, մայորո, կրում է թագազարդ Աննա, է չինովնիկ հոգով և սրտով: Նա սիրում է կարտ և հերոսների ըմպելին, ծխում է յուր տաճկական չիբուխը և շատախոսում է Կրիմի և 56 թվի մասին, ուր ստացել է գնդակ աջ թևքում. — այդ նրա միակ պարծանքն է: Հարկավոր է միայն ձևացնես, թե լսում ես նրան և երբեք չընդհատես: Նա պսակվել է կնոջ կայքի հետ, ապրում է նրանով և ստրկանում է նրա առջև: Իսկ կինը, հին «առյուծուհի» է, վատնել է յուր կյանքը արտասահմանում, և մինչև այսօր անդադար խոսում է Բադենի և րուլետկի վրա: Նա չափից դուրս ինքնասեր է, և հրապուրվում է երբ ակնարկում ես, թե նա դեռ պահպանել է վաղեմի գեղեցկության գծերը:
— Իսկ աղջի՞կը, — հարցրեց Բաքոսյանը ավելի հետաքրքրվելով:
— Աղջիկը բավականին անթափանցելի էակ է, չես կարող տեսնել, թե ի՜նչ է նստած նրա գետնածածուկ սրտի մեջ: Նա միշտ մտահույզ է և անմռունչ, խիստ հազիվ է Ժպտում և դժվարությամբ է հայտնում յուր մտքերը: Սիրում է լսել տարապայման, անսովոր և մինչև անգամ անբնական երևույթների մասին: Կարծես թե նա ախորժում է յուր ուղեղը մշտական գրգռման մեջ պահել: Ես էլ դուրս եմ տալիս սրան Ամերիկայի կարմրակաշիների մասին, Սպանիայի ինկվիզիցիայի մասին, Վենետիկի ստորերկրյա բանտերի մասին, Ալպերի ճանապարհորդների մասին… սատանան է խաբար ի՜նչ դատարկ բաների մասին չեմ խոսում… — Բաքոսյանը, որ հետաքրքրությամբ լսում էր ընկերին՝ հարցրեց.
— Ղո՞րդ սա գեղեցիկ է:
Մեդվեդովսկին կրկին արտասանեց բառս «սքանչելի»: — Ես այս րոպեիս նրանց մոտ եմ գնում: Ցտեսություն: Կաշխատեմ ձեզ մոտեցնել այդ ընտանիքին, Բարի մարդիկ են: Կարելի է զվարճանալ:
Նա հեռացավ:
Զ
Բաքոսյանի վրա խորին ազդեցություն ունեցան Մեդվեդովսկու խոսքերը, մի գաղտնի, իրան ևս անբացատրելի ցանկություն հետաքրքրում էր նրան՝ մոտենալ այդ ընտանիքին, տեսնել, որպես նա ասում էր՝ «ի՞նչ թռչնիկ» է այդ աղջիկը: Նա առավ ձեռքի եղեգնափայտը, դուրս եկավ պարտիզից և սկսավ թափառել գյուղի շրջակայքում: Նատաշան եկավ հավաքելու թեյի պարագայքը:
Արեգակը բոլորովին մայր մտավ: Երեկոյան վերջալույսը դեռ շողշողում էր զառեկի գույնով, թափանցիկ ամպերը երկնակամարի վրա ընդունել էին շքեղ կերպարանք:
Քանի րոպեից հետո Մեդվեդովսկին հասավ մի ոչ այնքան մեծ, բայց բավականին ճաշակով շինված տան դռանը: Նրա առջև դուրս եկան երկու կանայք ամառվա թեթև հագուստով: — Դրանք Կոչերովներն էին` մայր և դուստր:
— Դուք սպասել տվիք, Նիկոլայ Պետրովիլ, — ասաց օրիորդը երիտասարդին՝ թեթև դժգոհական ժպիտով:
— Ներեցեք, Սոֆի Իվանովնա — այդպես էր օրիորդի անունը — ներեցե՜ք, որ այդպես պատահեցավ:
Մեդվեդովսկին խոսք էր տվել նրանց՝ միասին գնալ երեկոյան զբոսանքի:
— Նա միշտ խաբել գիտե, — ավելացրեց օրիորդի մայրն ընտանեկան հանդիմանությամբ:
— Ներեցե՜ք, Մարիա Վասիլևնա, — դարձավ երիտասարդը դեպի մայրը, — ես այստեղ ուշացա մի ընկերի մոտ:
Նրանք շարունակեցին գնալ: